Թուրքիայի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը եղել է Կարպիս Զաքարյանը
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Բիթլիսում ծնված ազգությամբ հայ Կարպիս Զաքարյանի մասին պատմող «Որտե՞ղ ես, Կարո» գրքի շնորհանդեսը:
«Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով թուրքական «NTV» հեռուստալիքի կայքին, գրում է, որ շնորհանդեսին ներկա են եղել գրիքի հեղինակ Էմինա Թեմելը, Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը, ինչպես նաև անձամբ ինքը Զաքարյանը և մի շարք այլ մարդիկ:
Գրքում մասնավորապես ներկայացված է , թե ինչպես է Զաքարյանը իր մարզական կարիերայի ընթացքում հասել մեծ հաջողությունների: Բացի այդ անդրադարձ է կատարվում նրա անձնական կյանքին: Մասնավորապես հեղինակը ընթերցողին է ներկայացնում Զաքարյանի և Էրսիլյա անունով իտալացի մի աղջկա սիրո պատմությունը, որը, սակայն, երջանիկ ավարտ չի ունեցել:
Գրքում նաև անդրադարձ է կատարվում Թուրքիայի պատմության սև էջերից մեկին՝ 1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում և Իզմիրում հունական ու հայկական համայնքների վրա թուրքական իշխանությունների թողտվությամբ կազմակերպված վայրենաբարո հարձակումներին: