Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործերով դատական առաջին նիստը տևեց մի քանի րոպե
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Ժիրայր Սեֆիլյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի, Գևորգ Սաֆարյանի գործով դատավարությունը: Դատարանում հսկողությունն ուժեղացված էր: Դատական նիստն ընթացավ ապակեպատ դահլիճում:
Դատարանում հավաքվածները բացականչում էին՝ «Ազատություն», «Մահ ռեժիմին»։
Դատական նիստը տևեց մի քանի րոպե: Այն հետաձգվեց, քանի որ Սասունիկ Կիրակոսյանի պաշտանը ներկա չէր նիստին:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարեց, որ այսուհետ նիստերը կկայանան շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին:
Լրագրողների հետ զրույցում Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը խոսելով իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի մասին, ասաց. «Բազմիցս կարդացել եմ այն, ինչի մեջ մեղադրում են Սեֆիլյանին: Որևէ հստակ մեղադրանք չկա: Մեզ համար այս պահին պարզ չէ՝ մեղադրում են, որ նա իբրև թե ցանկացել է շենք, շինություններ զավթել, ասում են հեռուստաաշտարակը, մեղադրանքում կա հեռուստաաշտարակը, Նուբարաշենի մի քանի զորամասեր: Այսպես լղոզված: Բայց թե երբ է նա փորձել, ցանկացել զավթել դրա մասին ընդհանրապես չկա: Ցուցմունքներ կան, որ պետք է 2015 թ. դեկտեմբերի 1-ին լիներ: Եթե դեկտեմբերի 1-ին պետք է լիներ, ապա յոթ ամիս հետո Ժիրայր Սեֆիլյանը չի արել դա»:
Նա նշեց, որ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ Ժ. Սեֆիլյանը քաղաքական գործիչ է: Առաջին մեղադրանքը, փաստաբանի խոսքով, զուտ քաղաքական մեղադրանք է՝ հանրահավաքներ, ցույցեր է կազմակերպել, փորձել է ընդդիմադիր քաղաքական գործունեություն իրականացնել, անօրինական հավաքներ կազմակերպել ապրիլի 24-ին:
«Չնայած այդ մեղադրանքը մեկ ամիս հետո փոխվեց, բայց երկրորդ մեղադրանքը կա՝ ապօրինի զենքի շրջանառություն: Երկու հոգի իրար հետ ապօրինի զենքի շրջանառություն են արել, ցուցմունք է տվել, որ Սեֆիլյանը կապ ունի այդ զենքերի հետ ու նա ձերբակալվել է: Վերջում էլ ծանր մեղադրանքը դրեցին, 235-րդ, 219-րդ հոդվածներով: Արհեստականորեն ստեղծված, առաջ եկած մեղադրանք է, որը, մեր կարծիքով, որևէ քննադատության չի կարող դիմանալ»:
Ձեռք բերված փոխկապակցված ապացույցների բավարար համակցության հիման վրա զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության համար Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության համար Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու համար Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Հովհաննես Պետրոսյանին, Գալուստ Գրիգորյանին և Ներսես Պողոսյանին մեղադրանքներ են ռաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Հարակից հրապարակումներ`
- Ժիրայր Սեֆիլյանի և նրա հանցակիցների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան
- ՔԿՎ-ն Սեֆիլյանի խցում խուզարկությունների մասին. Բացառապես օրենքի շրջանակում է
- Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանը 22 օր է հացադուլի մեջ է
- Վերաքննիչ դատարանը մերժել է Ներսես Պողոսյանի բողոքը
- «Բացի իրա երեխեքի պիստալետներից, տունը բան չեն գտել». Ներսես Պողոսյանի հարազատներ
- Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» գործը կքննվի մեկ վարույթում
- Ժիրայր Սեֆիլյանին և ևս 8 անձի մեղադրանք է առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան