Գիտաժողով ժնևում՝ «Արիստոտելը Հայաստանում»
Ժնևի համալսարանում կայացել է «Արիստոտելը Հայաստանում» (“Aristote en Arménie”) միջազգային գիտաժողով: Կազմակերպիչներն են եղել Վալենտինա Կալցոլարի, Կատերինա Իերոդիակոնու և Իրենե Տինտի:
Մատենադարանից տեղեկացնում են, որ գիտաժողովին մասնակցել են հայագետներ` Մաշտոցի անվան Մատենադարանի աշխատակիցներ Մանեա-Էռնա Շիրինյանը, Գոհար Մուրադյանը, Արամ Թոփչյանը և Արմինե Մելքոնյանը, ինչպես նաև անտիկ փիլիսոփայության պատմության մասնագետներ Շվեյցարիայից, Հունաստանից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Կանադայից:
Արիստոտելի կարևորագույն գրվածքների և դեռ անտիկ շրջանում նրան վերագրված երկերի միջնադարյան հայերեն թարգմանությունների և մեկնությունների, ինչպես նաև Արիստոտելի անձին, գործին ու ասույթներին հայ հեղինակների անդրադարձների մասին տեղեկությունները նորություն են եղել փիլիսոփայության ոչ հայագետ պատմաբանների համար և ընդունվել են մեծ հետաքրքրությամբ:
Գիտաժողովն այնպես է կազմակերպված եղել, որ Շիրինյանի, Մուրադյանի և Թոփչյանի զեկուցումները նախապես տրվել էին «ընդդիմախոսների» (discutant)՝ համապատասխանաբար Մայքլ Գրիֆֆինին, Իոաննիս Պապախրիստուին և Ջոնաթան Բարնսին: Նրանք պատրաստել էին հարցեր և ելույթներ, ինչն ապահովեց բովանդակալից քննարկում:
Բացի զեկուցումներից, գիտաժողովում ներկայացվել ու քննարկվել են Դավիթ Անհաղթի երկերին նվիրված և Ժնևի համալսարանի և Մատենադարանի համատեղ ծրագրով լույս ընծայված գրքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները