Լարված իրավիճակ դատարանում. Փոստանջյանը լացում էր
Վարչական դատարանի դահլիճում, որտեք քննում էին ավագանու ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին «Երկիր Ծիրանի» կուսակցության հայցը խիստ լարված իրավիճակ էր ստեղծվել:
Կարգադրիչները ցանկանում էին դահլից հեռացնել ներկաներին, ի պատասխան կուսակցության կողմնակիցները պահանջում են դրա վերաբերյալ գրավոր որոշում:
«Որոշումը ցույց տվեք: Ինձ չկպնեք: Դու ո՞վ ես: Չփորձեք ինձ ձերբակալել: Ես ավելի բարձր կարող եմ գոռալ, ի՞նչ իրավունքով ես ինձ վրա գոռում: Ես օրենք չեմ խախտել: Ախր, էսպես չի կարելի, դատարանը վերածվում է խեղկատակության: Այսպես չի կարելի: Էս մարդիկ ավագանու անդամի թեկնածուների են, իրավունք ունեն ներկա գտնվելու, անօրինական քայլեր եք կատարում: Ես օրենք չեմ խախտում, արձանագրություն չկա, կա, դե բերեք»։
Ոչ ոք ոչ մեկին ոչ լսում էր, ոչ հասկանում: Զարուհի Փոստանջյանը ստեղծված իրավիճակում սկսեց արտասվել: Նրա օրինակին հետևեց կուսակցության մի կին անդամ:
Ներկաներին չկարողանալով դուրս հանել դատարանի դահլիճից՝ կարգադրիչները սկսեցին նստարանը դուրս բերել: Սա էլ ավելի զայրացրեց կուսակցության անդամներին:
«Դատարանը առանց բան բացատրելու գնացել է: Չի ասել, գնացեք, կամ գնաք, երբ եկեք»,-կարգադրիչներին բացատրում էր փաստաբանը:
Փոստանջյանը հայտարարեց. «Դատարանը նիստը վերածեց խայտառակ միջոցառման: Խայտառակ, ապօրինի որոշում կայացրեց ոչ թե դահլիճում, այլ դահլիճից դուրս, կարգադրեց, որ հարկադիր կարգադրիչները մեզ այստեղից բռնի ուժով դուրս հանեն: Մենք այստեղից դուրս ենք գալիս, բայց հայտարարում ենք, որ այս բոլոր դատավորները պատասխանատվության են ենթարկվելու քրեական դատավարության ընթացակարգով, որովհետև սա դատարան չէ: Իրենք են անարգել դատարան հասկացությունը, իրենք պաշտոնական դիրք են չարաշահել»:
Փոստանջյանի ելույթն ընդհատվեց, քանի որ դատավորները վերադարձան դահլիճ:
«Հիմա պարզաբանեք, ո՞ւր էիք հեռացել, ի՞չ կատարվեց այստեղ»,-ասաց Փոստանջյանը:
«Դատական նիստը ընդմիջվեց, քանի որ նիստի խոչընդոտում տեղի ունեցավ՝ մասնավորապես ներկաներից մեկը չկատարեց դատավորի հրահանգը: Տեսնում եմ, որ այս պահին ևս նշված անձը դահլիճում է»,-ասաց դատավորը, հիշեցնելով, որ դատավորի կարգադրությունը չկատարելու, նիստի կարգը խախտող գործողության դեպքում դատարանը իրավունք ունի սանկցիաներ կիրառել՝ ընդհուպ տուգանք: