Ավարտական վալս, շարային քայլերթ. մոնթեականների վերջին զանգը
ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում այսօր տոնական տրամադրություն էր: Ուսումնարանի 89 շրջանավարտների համար հնչեց «Վերջին զանգը»:
Վաղ առավոտից մոնթեականները վարժարանի շարահրապարակում էին: Սաները հագել էին տոնական համազգեստ, իրենց կրծքին փակցրել Մոնթեի լուսանկարով եռագույն ժապավեններ: Նրանց շնորհավորելու էին եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը, բարձրաստիճան սպաներ, ծնողներ։
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ Վիտալի Ոսկանյանը, շնորհավորելով սաներին, նշեց, որ վարժարանում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կօգնեն մոնթեականներին արժանապատվորեն հաղթահարել կյանքի ցանկացած դժվարություն:
Նրա խոսքերով՝ վերջին զանգը տոնող 89 սաներից 87-ը հետագա ուսումը շարունակելու նպատակով դիմել են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններ:
Շնորհավորելով մոնթեականներին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Դավթյանը նշեց, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ հայրենասիրությունը լոկ կրթական ծրագրի մաս չի, այլ դարձել է կենսակերպ, ապրելակերպ:
«Այստեղ ամենուր է Մոնթեն, նրա ոգին: Վարժարանը ի սկզբանե ստեղծված լինելով որպես նախամասնագիտական հանրակրթական հաստատություն, անցած տարիների ընթացքում հավատարիմ է մնացել իր կոչմանը»,- ասաց Արտակ Դավթյանը:
Փոխնախարարը շնորհակալություն հայտնեց մանկավարժական կոլեկտիվին ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ դաստիարակելու, կրթելու համար:
«Մոնթեականներին էլ մաղթում եմ, որ իրենց նոր երթը դառնա ընթացք, իսկ ընթացքը սխրանքներով ու հաղթանակներով լի ճախրանք»,- նշեց Արտակ Դավթյանը:
Վարժարանի Հայոց պատմության ուսուցիչ Էռնեստ Շաբոյանն ասաց, որ ուսումնառության երեք տարիները վարժարանը մոնթեականների համար եղել է կրթման և ազգային արժեքների ձևավորման դարբնոց:
«Վստահ եմ, որ այստեղ ձեռքբերված գիտելիքներն ու ունակությունները կօգնեն Ձեզ պատվով հաղթահարել բոլոր դժվարությունները և դառնալ մեր պետության համար արժանավոր քաղաքացիներ, Հայոց բանակի արժանի սպաներ: Համոզված ենք, որ դուք ձեր արժանի ներդրումն եք ունենալու մեր երկրի ու բանակի շենացման ու հզորացման գործում: Հիշեք, եթե յուրաքանչյուրս մեր հայրենիքի հանդեպ ունենանք նույնքան պատասխանատվություն, որքան ուներ Մոնթեն, վստահ եմ՝ հաղթանակներ դեռ լինելու են»,- ասաց Էռնեստ Շաբոյանը:
«Հպարտ եմ, որ ծնվել եմ Հայաստանի Հանրապետությունում, որի այսօրը կերտել են դժվարին ու քարքարոտ ճանապարհներով անցած, սակայն ապագայի հանդեպ իրենց հավատն անսասան պահած մեր պապերն ու հայրերը: Անկախ Հայաստանի զավակներն ենք նաև մենք: Ռազմամարզական վարժարան ոտք դնելուց ի վեր, վարժարանի անձնակազմը մեզ ներարկեց այն համոզմունքը, որ հայրենի հողը սուրբ է, իսկ այն պաշտպանելը՝ յուրաքանչյուր հայ մարդու սրբազան պարտքը: Մենք հասկացանք, որ նվիրական երազանքներին հասնելու համար խորը և կայուն գիտելիքներ են պետք, որոնք մեզ հասու դարձրեցին մեր մանկավարժները: Խոստանում ենք, որ բարձր կպահենք մեր հարազատ վարժարանի պատիվը, մեր մասին միայն լավ ու բարի խոսքեր կլսեք, մենք կարդարացնենք ձեր սպասելիքները: Սիրելի կրտսեր մոնթեականներ, մենք համոզված ենք, որ Դուք պատվով կկրեք Մոնթեի անունը կրող վարժարանի սանի կոչումը, նորեկներին սիրով կսովորեցնեք մեր վարժարանի բարի ու լավ ավանդույթները, ռազմական կրթության ջահը հպարտությամբ կփոխանցեք ձեզանից հետո եկողներին, որպեսզի մեր կրթօջախի երթը հավերժ լինի»,- դիմելով մոնթեականներին՝ ասաց կուրսանտ Սահակ Սահակյանը:
Այնուհետև վարժարանի սաները ցուցադրեցին ուսումնառության ընթացքում իրենց ձեռք բերած տեսական ու գործնական գիտելիքները, ցուցադրեցին օդային ու գետային անցում պարանով, շենքից տուժածի տեղափոխումը պատգարակով, հարձակում թշնամու վրա և այլն:
Մոնթեական Արմեն Խաչատրյանը մանկուց երազել է զինվորական դառնալ: «Շատ բան հասկացա ու սովորեցի այս երեք տարիների ընթացքում: Հիմա արդեն վստահ եմ, որ ճիշտ ճանապարհ եմ ընտրել: Ուսումս շարունակելու եմ Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի Միխայլովի անվան ռազմական ակադեմիայում: Ավարտելուց հետո կվերադառնամ հայրենիք ու կհամալրեմ Զինված ուժերը: Իմ հասակակիցներին մաղթում եմ, որ լավ սովորեն, պիտանի մարդ դառնան Հայաստանի Հանրապետությանը»,- ասում է վարժարանի շրջանավարտն ու հավելում, որ այսօրվանից սկսում է քայլել իր նպատակին տանող ճանապարհով, որի վերջում գեներալի կոչումն է:
Վարժարանի սան Արմեն Հովհաննիսյանը սովորել է «Փոքր Մհեր» կրթահամալիրում, 2016թ-ից ուսումը շարունակել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Արմենի ընտանիքում զինվորականներ չկան, բայց դա չի խանգարել , որ մանկուց երազեր զինվորական դառնալու մասին:
«Ուսումս կշարունակեմ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում կամ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Վստահ եմ, որ կդառնանք արժանի շարունակողները մեր մեծերի, անխախտ և անառիկ կպահենք մեր հայրենիքի սահմանները»,- նշում է Արմենը:
Միջոցառման ավարտին մոնթեականները պարեցին ավարտական վալսը, շարային քայլերթով անցան հրամանատարական կազմի առջևով, իսկ վերջում հնչեցրեցին վերջին զանգը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները