Աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսն այս տարաշրջանում առաջինը հանդես կգա Հայաստանում
«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հունիսի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ դաշնակահար Արկադի Վոլոդոսի մենահամերգը: Panorama.am-ի հետ զրույցում փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ ընդհանրապես Ա. Վոլոդոսն առաջին անգամ է այս տարածաշրջանում:
«Նա տարվա մեջ շատ քիչ նվագող երաժիշտներից է, ում որևէ երկիր, փառատոն երազանքով է ընդունում: Նա տարեկան 40 համերգից ավելի չի ունենում: Չի սիրում հեռավոր թռիչքներ: Մի քանի տարվա բանակցությունների արդյունքում Արկադի Վոլոդոսը համաձայնվեց Փարիզ-Երևան ուղիղ չվերթով ժամանել Երևան»,- նշեց նա:
Ս. Հովհաննիսյանի ներկայացմամբ, Արկադի Վոլոդոսը համարվում է չգերազանցված վիրտուոզ. «Նա իր անհավանական վիրտուոզության հետ միասին նաև խորը լիրիկական երաժիշտ է, ինչը հազվադեպ է հանդիպում մնացած հայտնի երաժիշտների մոտ: Նրան համարում են լիրիկական երգացանկի արքա»:
Արկադի Վոլոդոսը երևանյան համերգին կատարելու է Շոպենի, Բրամսի, Շուբերտի ստեղծագործություններից:
Փառատոնի հաջորդ համերգը կայանալու է հունիսի 15-ին: Հայաստանում առաջին անգամ ելույթ է ունենալու Մոսկվայի Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը՝ հանրահայտ դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկվարությամբ:
«Մենք փոփոխություններ կատարեցինք ծրագրում: Ցանկանում էինք ծրագրում անպայման տեսնել հայ մենակատար: Այդ համերգին հանդես կգա երիտասարդ ջութակահարուհի Դիանա Ադամյանը՝ կատարելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը»,- տեղեկացրեց Ս. Հովհաննիսյանը:
Համերգին կհնչի նաև Չայկովսկու Հինգերորդ սիմֆոնիան:
Նա նշեց, որ սեպտեմբերից փառատոնը նոր թափով կվերսկսվի: Երևանում ելույթ է ունենալու Իսրայելի կամերային նվագախումբ, հոկտեմբերին նախատեսված է աշխարհահռչակ ամերիկացի սոպրանո Ռենե Ֆլեմինգի համերգը, թեև բանակցությունները նրա հետ դեռ շարունակվում են, նոյեմբերի 11-ին՝ 8 անգամ «Գրեմմի» մրցանակի արժանացած աշխարհահռչակ Էմերսոն լարային քառյակը: Այս տարվա փառատոնային համերգները եզրափակվեն դեկտեմբերի 27-ին հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսսինի համերգով:
Փառատոնի տնօրենը նաև նշեց, որ այս տարի ակտիվ են եղել մշակութային դիվանագիտությանն առնչվող հարցերում, ևս մեկ անգամ հրավիրվել էին մասնակցելու Եվրոպայի մշակույթի կոմիսարի հետ ամենամյա կլոր սեղանին, որին մասնակցում են Եվրոպայի առաջատար մեկ տասնյակ փառատոների ղեկավարներ:
«Բացառիկ հաջողություն էր Հայաստանի համար»,- ընդգծեց նա:
Ս. Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ Գերմանիայում մասնակցել են Եվրոպայի փառատոնային ասոցիացիայի գագաթաժողովին, որի անդամ է Եվրոպայի 800 փառատոն:
««Երևանյան հեռանկարներ» փառատոնը փայլուն ներկայացավ՝ ևս մեկ անգամ վերահաստատելով Եվրոպայի փառատոների լավագույն տասնյակի մեջ լինելու հանգամանքը: Կոնկրետ փաստերով ներկայացվեց հինգ րոպեանոց ֆիլմ, որը մեծ արձագանք ստացավ: Իսկապես մեծ հաղթանակ է մեր երկրի համար: 25-ամյա պատմություն ունեցող երկիր ենք և լավագույնների մեջ ենք հարյուրամյա պատմություն ունեցող երկրների հետ»,- ասաց նա:
Հարցին, թե կա՞ն երաժիշտներ, որոնց հետո բանակցում եք Երևանում հանդես գալու համար, բայց դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, Ս. Հովհաննիսյանն ասաց, որ կան, հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին նրանք անպայման կգան Երևան:
«Մենք շարունակելու ենք մեր իրադարձային համերգների շարքը: Միայն համերգ չէ, դա մեր երկրի իմիջն է, հեղինակությունը, կարևոր է արտաքին քաղաքականության համար, որ Հայաստանը ձեռք է բերում նմանատիպ մեծ ընկերներ, որոնք հետո տարբեր ատյաններում մեր երկրի անունը բարձրացնում են»,- ասաց «Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրենը: