Վրաստանի դեսպան. Նշանակալից է հայերի լուման Վրաստանի կառուցման գործում
Նշանակալից է Վրաստանում ապրող հայերի լուման իրենց պետության կառուցման և զարգացման գործում: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն Արմենիա Մարիոթ հյուրանոցում Վրաստանի անկախության 26-րդ ամյակին նվիրված միջոցառմանը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, միջոցառմանը մասնակցել ու ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
«Հայ-վրացական բազմադարյա հարաբերությունները պատմության ընթացքում ձևավորվել և զարգացել են՝ հիմնված լինելով բարիդրացիության և փոխվստահության ամուր հիմքերի վրա: Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ղեկավարների պարբերական փոխայցելությունները և տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը վկայում են մեր երկրների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակի մասին»,-նշել է խորհրդարանի խոսնակը:
ԱԺ նախագահը կարևորել է նաև վերջին տարիներին հայ վրացական միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվությունը համագործակցության ոլորտում, ավելացրել, որ 6-րդ գումարման Ազգային Ժողովում հարցը գտնվելու է հայ օրենսդիրների ուշադրության կենտրոնում:
Բաբլոյանի խոսքով, 2017թ-ը հատկանշական տարի է երկկողմ փոխհարաբերություններում. նշվում է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:
Արա Բաբլոյանը վստահություն է հայտնել, որ Վրաստանը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին՝ բազում ձեռքբերումներով: