Չենք ունենա 5 միլիոն տուրիստ, եթե Խոր Վիրապը լինի աղբի մեջ թաղված. Լոքյան
«Ստեղծված է մի իրավիճակ, որ կարծես մարդիկ ինքնաբուխ ուզում են ազատվել այս պրոբլեմից, որ տարիներով ունեցել ենք: Ինձ ամենաշատը սա է ուրախացնում. մենք ոչինչ չենք ստիպում, մարդիկ ինքնակամ են անում»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ով «Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի աշխատանքներին հետևելու նպատակով եղել է Արարատի մարզում։
«Փակել 700 և ավել աղբավայր սա նույնիսկ մեզ համար մի փոքր անհավանական էր թվում: Բայց մենք պետք է փակենք 2000 աղբավայր: Եվ մյուս տարի` այս օրը, մենք պիտի երկրում ունենանք շուրջ 120 աղբավայր ավելի քան 2000-ի փոխարեն: Փակել, կոնսերվացնել, հողով ծածկել, որի վրա պիտի աճի կանաչը դառնա բնության համամաս տարածք, սա է մեր խնդիրը»,- նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշել է նա։
Նրա խոսքով՝ պետությունը պետք է որոշակի միջոցներ հատկացնի, դժվար փակվող աղբավայրերը կոնսերվացնելու, աղքատ համայնքներին համապատասխան գույք տրամադրելու համար:
Պետք է խրախուսենք աղբահան մեքենաների մուտքը Հայաստան: Մենք արդեն դրա լավ օրինակներն ունենք` Դիլիջան, Ջերմուկ, Թումանյան, Տաթև: Բոլոր համայնքապետերին, երբ ֆիքսում ենք, թե ինչ կուզեն ունենալ տեխնիկայի տեսակետից, առաջին կետով բոլորը նշում են` աղբահան մեքենաներ: Սա պիտի դառնա մեր քաղաքացու ամենօրյա խնդիրը: Այնպես չէ, որ ժողովուրդը չի ուզում սա , պարզապես մի մասով մենք պայմանները չենք ապահովել, մի մասով մարդիկ ապրել են ինչպես ապրել են, և ժամանակն է, որ մենք ամեն օր, միասին, ժողովրդի ճնշման տակ, կարողանանք հասնել նրան, որ ունենաք Մաքուր Հայաստան: Չենք ունենա 5 միլիոն տուրիստ, եթե Խոր Վիրապը լինի աղբի մեջ թաղված, ինչպես մեկ ամիս առաջ էր, երբ մարզպետարանը սկսեց այս ծրագիրը»,- ասել է Դավիթ Լոքյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Մաքուր Հայաստան» ծրագիրը պարբերաբար պետք է կոշտ վերահսկողության տակ լինի. Վարչապետ
- Զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում է արշավ` «Մաքուր Հայաստան» ծրագրի հետ կապված
- Ոստիկանություն. «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում օրինազանցները կենթարկվեն պատասխանատվության
- «Մաքուր Հայաստան» ծրագրով գույքագրվել ու անձնագրավորվել են շուրջ 2300 աղբանոց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան