«Ավրորա-2017» մրցանակի դափնեկիրն է Թոմ Քաթինան
«Ավրորա-2017» մրցանակաբաշխության հաղթողն է Թոմ Քաթինան: Նա Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ է, կաթոլիկ միսիոներ, որը տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է՝ իրականացնելով տարեկան 1000 վիրահատություն և սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի:
Հաղթողի անունը հայտարարեց ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը:
Նա երկրորդ անգամ էր ներկայացված մրցանակին:
Թոմ Քաթինան ստանալու է 100,000 դոլարի պարգևը և նվիրատվության շղթան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ 1,000,000 դոլարի դրամաշնորհի արժանացնելու իր ընտրած կազմակերպություններին։ Մրցանակաբաշխության կայքից տեղեկանում ենք, որ բժիշկ Քաթինան մրցանակը փոխանցելու է հետևյալ երեք կազմակերպություններին՝
• Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամ (AMHF), ԱՄՆ
• Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդ (CMMB), ԱՄՆ
• Aktion Canchanabury, Գերմանիա
Վերջին ինը տարիներին «Գթության Մայր» հիվանդանոցում Թոմ Քաթինան, ում տեղացիները բժիշկ Թոմ են ասում, հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը՝ յոթ օր՝ հոգ տանելով Նուբայի ավելի քան 750,000 բնակիչների համար՝ Սուդանի կառավարության և Սուդանի ազգային ազատագրական շարժման միջև տևական քաղաքացիական պատերազմի պայմաններում։ Օգնություն ստանալու համար մարդիկ երբեմն մի ամբողջ շաբաթ քայլում են և սովորաբար հիվանդանոց են այցելում ռմբակոծություններից ստացած վնասվածքներով և բազում այլ հիվանդություններով՝ ոսկորների կոտրվածքներից մինչև մալարիա ու թերսնում։ Ընդհանուր առմամբ՝ բժիշկ Քաթինան խնամում է օրական 500 հիվանդի և տարեկան ավելի քան հազար վիրահատություն է իրականացնում։
Դառնալով 2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Թոմ Քաթինան ասաց. «Մենք պարտավոր ենք հոգ տանել մեր քույրերի և եղբայրների համար: Յուրաքանչյուր մարդ իր ներդրումն ունենալու հնարավորություն ունի: Մեր բոլորի մարդկայնությունը կարող է առաջնորդել մեզ դեպի ավելի պայծառ ապագա: Հավատքով լեցուն՝ ես հպարտությամբ շարունակելու եմ ծառայել աշխարհին եւ դարձնել այն ավելի լավը»:
Հիշեցնենք, որ հավակնորդները հինգն էին՝ մայր և դուստր Ֆարթուն Ադան և Իլվադ Էլման,, Ջամիլա Աֆղանի, Մուհամադ Դարվիշ, Դենիս Մուկվեգե, Թոմ Քաթինա:
Ընտրող հանձնաժողովի կազմում, որի համանախագահն է օսկարակիր դերասան և հումանիտար գործիչ Ջորջ Քլունին, ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին, Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը և Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն: Հանձնաժողովը հինգ հավակնորդներին ընտրել է ներկայացված 558 թեկնածությունների միջից, որոնցից 254-ը չկրկնվող էին և ներկայացվել էին 66 երկրից 13 լեզվով:
Հարակից հրապարակումներ`
- «Ավրորա»-ում շնորհակալություն հայտնեցին և շնորհավորեցին Հենրիխ Մխիթարյանին
- Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը
- «Ավրորա» մրցանակաբաշխությունը մեկնարկել է
- Վարչապետ. «Ավրորա»-ի շնորհիվ Հայաստանը դառնալու է մարդասիրական ամենախոշոր կենտրոններից մեկը
- Նախագահն ընդունել է Մադրիդյան ակումբի և «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչներին
- Աշխարհը մեր կարիքն ունի. «Ավրորայի» հավակնորդները՝ մարդասիրության մասին
- Դուք փոխել եք մեր կյանքը. «Ավրորա-2016»-ի դափնեկիր
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում