Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Իլհամ Ալիևի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցին
Իրանի ԱԳ նախարարությունն արձագանքել է Իլհամ Ալիևի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցին,-հաղորդում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում մայիսի 21-ին մասնակցել է «Արաբական-ամերիկյան-իսլամական» խորհրդաժողովին, որի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Իրանը զինում և վարժեցնում է գրոհայիններին, որոնք Եմենում, Իրաքում, Լիբանանում և Սիրիայում անկայունություն են առաջացնում: Դոնալդ Թրամփը միջազգային հանրությանը կոչ է արել մեկուսացնել Իրանին:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած վերոնշյալ համաժողովին, որին նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր մասնակցել, մասնավորապես ասել է. «Մենք այլ անձանց՝ տարբեր համաժողովների մասնակցությանը չենք ընդդիմանում: Մեզ համար հիմք է հանդիսանում այն, թե մեզ ինչ է ասվում և գործնականում ինչ քայլերի ենք ականատես լինում»:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների առնչությամբ Բաքվի պարզաբանումներին, մասնավորապես ասել էր. «Երբ իսրայելական անօդաչու ինքնաթիռներից մեկը մուտք գործեց Իրանի տարածք, մենք այդ մասին ադրբեջանական կողմին նախազգուշացրեցինք, սակայն Ադրբեջանի նախագահը դժվարությամբ էր ուզում դա ընդունել, բայց ես անձամբ գնացել եմ և նրա հետ զրուցել: Չանցած մեկ տարի, պարզվեց, որ դա նրանք էին կատարել»: