«Յոթ» նախագծի միջոցով երեխաները կծանոթանան դասական երաժշտության գաղտնիքներին
Աշխարհի յոթ հրաշալիքները, ծիածանի յոթ գույները, յոթ նոտաները, յոթ առաքինությունները հունիսի 1-ի երեկոյան ժամը 7-ին դասական երաժշտության հիմքով ստեղծված «Յոթ» նախագծի միջոցով կներկայացվի փոքրիկ հանդիսատեսին:
Կազմակերպիչներ՝ հաղորդավար Ավետ Բարսեղյանն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեցին նախագծի մանրամասները։
Ավետ Բարսեղյանի խոսքով՝ երեխաների և նրանց ծնողների համար նախատեսված այս ինտերակտիվ համերգ երեկոն կրթադաստիարակչական նշանակություն ունի։
«Տարիներ շարունակ փորձում էինք համագործակցել Սերգեյ Սմբատյանի հետ, և ահա ծնվեց «Յոթ» նախագիծը, որը միտված է փոքրիկներին, նաև մեծահասակներին ներկայացնել դասական երաժշտությունն՝ խաղի, նոտաների, գույների, շաբաթվա օրերի միջոցով: Այսինքն՝ փորձելու ենք սերմանել այն, ինչ-որ այս տարիքից պետք է սերմանվի՝ սերն ու ճիշտ մոեցումը դասականի նկատմամբ»,- ասաց հաղորդավարը։
Նա նշեց նաև, որ համերգի ընթացքում հանդիսատեսը նվագախմբի կատարմամբ ոչ միայն կունկնդրի դասական երաժշտարվեստի սիրված ու հայտնի ստեղծագործությունները, այլ նաև ակտիվ մասնակցություն կունենա միջոցառմանը: Երեխաները կտեղեկանան նաև, թե ինչ է նվագախումբը, ինչ դեր ունի դիրիժորը և այլն։
«Անկեղծ ասած՝ ինձ համար էլ դեռ շատ բաներ հայտնի չեն, անակնկալ են ու ես էլ համերգի ժամանակ պետք է իմանամ՝ ինչ է լինելու»,- լրագրողների հետ հանդիպմանն անկեղծացավ Սերգեյ Սմբատյանը:
Երիտասարդական նվագախմբի ղեկավարը նշեց, որ նախագծի միջոցով փորձել են նոր ձևաչափ ստեղծել, որը հետաքրքիր կլինի երեխային, սակայն դասական երաժշտությունը չպետք է լինի արժեզրկված շոուի ժամանակ։
Բարսեղյանը հավելեց, որ սա դեռևս, այսպես կոչված, պիլոտային նախագիծ է, հետագայում այն շարունակելու ցանկություն կա. «Նվագախումբը ինքն իր ֆորատի մեջ նվագելու է, ուղղակի ես անդադար ինտերակտիվ խաղերի միջոցով բացատրելու եմ, թե ինչ է երաժշտությունը: Նվագախումբն, օրինակ մեզ օգնելու է հասկանալ, թե ինչ գույնի ունի «դո» նոտան կամ «երկուշաբթի»-ն»։
Նախագիծն իրականացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։