Չեմպիոններն այցելել են վերականգնողական բուժում ստացող զինծառայողներին
«Նրանց նկարագրելու կամ ներկայացնելու համար համապատասխան բառեր չկան»: «Հերացի» № 1 հիվանդանոցային համալիրում վերականգնողական բուժում ստացող ապրիլյան պատերազմում վիրավորված զինվորների հետ հանդիպումից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանը:
«Նրանց հետ շփվելու ընթացքում իմ ունեցած զգացողությունների մասին խոսել նույնպես չեմ կարեղ։ Պարզապես ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԳԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԵՏ։ Այսքանով ամեն ինչ ասված է։ Շնորհակալություն ձեզ, որ մենք կանք, որ դու՛ք կաք, այդքան լավատես եք, հումորով լի ու դրական։ Շուտափույթ ու լիակատար առողջություն ձեզ տղաներ։ Ազգը միշտ աղոթում է ձեր և բանակում ծառայող զինվորների համար»,-նշել է չեմպիոնը:
Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվա տոնի կապակցությամբ Ավդալյանի հետ միասին բուժում ստացող զինծառայողներին այցելել են նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը , օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի եռակի չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:
«Մենք հպարտանում ենք մեր զինվորներով: Նրանց շնորհիվ է, որ այսօր կանգնած ենք մայր հողի վրա»,- ասել է Արթուր Ալեքսանյանը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հրաչյա Ռոստոմյանը խորհրդանշական է համարել հատկապես մայիսի 28-ին մարզաշխարհի ներկայացուցիչների այցելությունը վիրավոր զինվորներին:
««Ազգ-բանակ» ծրագրի համատեքստում իր ուրույն տեղն ունի նաև սպորտը: Մենք անելու ենք հնարավոր ամեն բան՝ տարբեր մարզաձևերի միջոցով նրանց առողջությունը վերականգնելու համար»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին