Անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում այսուհետ ստուգումներն իրականացվելու են ստուգաթերթերի միջոցով
Անասնապահական ֆերմաներում, սպանդանոցներում, ձկնաբուծական տնտեսություններում այսուհետ ստուգումներն իրականացվելու են ստուգաթերթերի միջոցով,- այս մասին այսօր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն հրավիրված անասնապահական ֆերմաների, սպանդանոցների և ձկնաբուծարանների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է Ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը։
ՍԱՊԾ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նա հավաստիացրել, որ այն բխում է նախ և առաջ տնտեսավարողների շահերից՝ նախապես սահմանելով ստուգման շրջանակը և նվազագույնի հասցնելով հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:
«Սա նշանակում է ռեսուրսների խնայողություն, ենթադրում է անասնաբուժության բնագավառում ստուգումների արդյունավետության բարելավում, նպաստում է պետական վերահսկողության գործողությունների միասնականությանը, պարզեցմանը, թափանցիկությանը և արդյունավետությանը»,- պարզաբանել է պարոն Մկրտչյանը:
ՍԱՊԾ ռիսկերի կառավարման վարչության պետ Հասմիկ Թումոյանը տնտեսավարողներին տեղեկացրել է, որ ստուգաթերթը պարունակում է թե տեղեկատվական, թե վերահսկողական բնույթի հարցեր, որոնք առավելագույնս հստակեցնում են տեսուչի և տնտեսավարողի հարաբերությունները և թույլ են տալիս նախապես խուսափել անհամապատասխանություններից:
Աղբյուրը նշում է, որ ստուգաթերթերի հիման վրա ստուգումները կիրառվում են պատշաճ հիգիենիկ և արտադրական գործելակարգի և վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ, HACCP) համակարգ չներդրած տնտեսավարող սուբեկտների դեպքում: