WannaCry-ով Հայաստանում վարակված էր ամեն 20-րդ համակարգիչ. «Կասպերսկի Լաբորատորիայի» մասնագետ
WannaCry-ը այն վիրուսներից է, որը բոլորովին վերջերս մեծ վնասներ հասցրեց աշխարհի մակարդակով: Ամբողջ աշխարհում վարակվեց մոտ 450-500 հազար համակարգիչ: Վարակվածների թվում էին ինչպես անհատական, այնպես էլ ամենատարբեր հիմնարկների համակարգիչներ: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Կասպերսկի Լաբորատորիայի» Հայաստանում և Վրաստանում տարածաշրջանային ղեկավար Արմեն Կարապետյանը՝ հավելեով, որ Հայաստանը այս վիրուսով վարակված երկրների քառասնյակում է, այն դեպքում, երբ Եվրոպայում մինչև 5 անգամ քիչ վարակվածության ֆոն է նկատվում:
«Հայաստանում այդ օրերին վարակված էր ամեն 20-րդ համակարգիչ: Վիրուսը թափանցում էր համակարգիչ և կոդավորում ամբողջ համակարգչի ինֆորմացիան: Կոդավորելով համակարգիչը՝ վարակը փորձում էր վարակել նաև ցանցին միացված բոլոր մյուս համակարգիչները: Վիրուսը տարածողները այն ապակոդավորելու համար օգտատերերից հաճախ պահանջում էին մինչ 600 դոլար»,- ասաց բանախոսը` դժվարանալով նշել՝ ֆինանսական ինչ չափի վնասներ է վիրուսը հասցրել Հայաստանին:
Արմեն Կարապետյանը զգուշացրեց՝ վիրուսներից խուսափելու համար պետք է ունենալ ապահով անտիվիրուս, հետևել դրա ժամկետների վավերականությանը: Ապահով պետք է լինեն նաև գաղտնաբառերը: Դրանք պետք է լինեն շատ բարդ՝ 8-14 նիշերից բաղկացած, կազմված լինի մեծատառերից և փոքրատառերից: Գաղտնաբառերը պետք է տարբեր լինեն բոլոր սոցիալական ցանցերի համար:
«Վիրուսներից խուսափելու համար հարկ է զերծ մնալ պատահական հղումներ սեղմելուց: Վատ սովորություն է նաև նամակների հետ եկող «ըթաչները» բացելը»,- ասաց մասնագետը՝ նշելով, որ վանա քրայ վիրուսը դեռ չի մարել, ժամանակավոր հրադադար է, սակայն ապագայում այն ավելի մեծ ծավալներ է ստանալու: