Խորհրդարանը դեռ նոր է սկսել աշխատանքը, մենք արդեն խոսում ենք իրավունքի չարաշահումից. Արփինե Հովհաննիսյան
Կառավարության առաջարկով Ազգային ժողովում այսօր գումարվել է արտահերթ նիստ: Կառավարությունն առաջարկում է նիստի օրակարգում ընդգրկված բոլոր օրինագծերն ընդունել հատուկ ընթացակարգով, այսինքն՝ նախագծերի առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում կազմակերպել երկրորդ ընթերցում:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսպիսով խորհրդարանական քննարկումների պրակտիկան վերացնելու քայլ է արվում:
Նույն խմբակցությունից Էդմոն Մարուքյանն էլ այդ պրակտիկային վերջ դնելու և կառավարությանն ուղերձ հղելու համար առաջարկել է դեմ քվեարկել նման նախագծերին, կամ էլ ԱԺ խորհուրդը պետք է որոշի նախագծերի հրատապ լինել-չլինելը:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ելույթում արձագանքեց գործընկերներին՝ չհամաձայնելով մասնավորապես Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի տեսակետներին:
Նրա խոսքերով՝ եթե խոսում են իրավունքի չարաշահման մասին, դրա համար նախ պետք է հիմքեր ունենալ:
«Առաջին հերթին՝ իրավական, երկրորդ հերթին պետք է ունենանք դրա պրակտիկան: Խորհրդարանը դեռ նոր է սկսել աշխատանքը, մենք արդեն խոսում ենք իրավունքի չարաշահումից: Ես կարծում եմ, որպեսզի միմյանց հասցեին մեղադրանքներ չհնչեցնենք, պետք է փոխենք կանխավարկածը՝ ԱԺ կանոնակարգով քննարկումների տևողությունը մեկ ժամ է»,-նշեց Արփինե Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է հրատապությանը, ապա, ըստ ԱԺ փոխնախագահի, ԱԺ բերված վեց նախագծերից յուրաքանչյուրը հրատապության խնդիր ունեն:
«2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, եթե փոփոխված չլինեն կենսաթոշակները, այդ մարդիկ գնալու են թոշակի բյուջեի վրա լրացուցիչ ծախսերով»,- ասաց նա:
Հիշեցնենք, օրակարգում է նաև առաջին ընթերցմամբ քննարկված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ԱԺ կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն, փոփոխությամբ հնարավորություն է տրվում «դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող այն անձանց, ովքեր համապատասխանաբար 2014 և 2017 թվականների հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեն, կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվեն նաև 2017 թվականի հուլիսի 1-ից հետո` այդպիսով երաշխավորելով դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող անձանց անկախության սոցիալական երաշխիքները, իրավական պետությանը հարիր կենսաթոշակի իրավունքից օգտվելու լեգիտիմ ակնկալիքը:
Հարակից հրապարակումներ`
- Զեյնալյան. Քվեարկության կամք ձևավորելու համար կարևոր են դեբատները
- Փաշինյան. Նման ավտոմատ մոտեցում բոլոր նախագծերի վերաբերյալ ընդունելի չէ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին