Էդվարդ Նալբանդյանը՝ Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին
«Առաջին անգամ էր, որ եռանախագահները մատնանշեցին, որ հենց Ադրբեջանն է խախտել հրադադարի պայմանավորվածությունը, կրակ բացել»,- Երևանում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերջերս առաջին անգամ հասցեական հայտարարության հնչեցրեցին՝ մատնացույց անելով Բաքվին որպես զինադադարի խախտումները սկսող կողմ, արդյո՞ք դա կզսպի Բաքվի հետագա գործողությունները:
Նախարարն ասաց, որ Ադրբեջանը դեմ է դուրս գալիս հետաքննության մեխանիզմների ստեղծմանը հենց այն պատճառով, որ հնարավորություն չտա եռանախագահներին, այդ մեխանիզմի մասնակիցներին մատնանշելու, թե ով է խախտում հրադադարը, ով է առաջինը կրակ բացում:
«Դա ակնհայտ է անգամ առանց հետաքննության մեխանիզմի: Դա ցույց տվեց այս վերջին հայտարարությունը, որով հանդես եկան եռանախագահող երկրները »,- նշեց Է.Նալբանդյանը:
Միաժամանակ նախարարը հավելեց, որ բազմիցս են հասեցական հայտարարություններ հնչել՝ ուղղված Ադրբեջանին, հասցեական, որ պետք չէ սրել իրավիճակը տարածաշրջանում, պետք է վերահաստատել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը , պետք է զերծ մնալ քննադատությունից եռանախագահող երկրների հանդեպ, հարգել նրանց մանդատը, զերծ մնալ փորձերից տեղափոխելու հիմնախնդրի կարգավորումն այլ ձևաչափեր, պետք է համաձայնվել հետաքննության մեխանիզմի ստեղծմանը և այլն:
«Անգամ եթե ոչ ուղղակի հայտարարություններ էին լինում, ակնհայտ երևում էր, թե ում են հասեցագրված»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Պատասխանելով հարցին, թե երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի միայն տարածքային ամբողջականության շրջանակում, ինչպե՞ս եք վերաբերում նման հայտարարություններին, Է. Նալբանդյանն ասաց. «Վերաբերում եմ այնպես, ինչպես այդ հայտարարության մեջ հնչեցված այլ պնդումներին, որ իբր Ադրբեջանը բազմամշակութային համաշխարհային կենտրոն է, հարգում է բոլոր հիմնարար ազատությունները, մարդու իրավունքները, հանդուրժողականության երկիր է, կարող է օրինակ ծառայել այլ երկրներին և այլ այս կարգի անհեթեթ պնդումներ: Սա է մեր վերաբերմունքը:
Միջազգային հանրության կողմից եռանախագահների միջոցով բազմիցս հնչեցվել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա, որոնք կազմում են մեկ ամբողջություն՝ ուժի չկիրառում և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջություն, և այն տարրերի, որոնք առաջարկվել էին եռանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարությունների մեջ»: