Գ. Կոստանյան. Հակակոռուպցիոն մարմնում ընդդիմության ներկայացուցչի ներկայությունը դեռևս չի երաշխավորում արդյունավետություն
«Կարող ենք ստեղծել հակակոռուպցիոն 100 մարմին, բայց դրանք արդյունավետ չգործեն: Մարմնի ստեղծումը դեռևս չի երաշխավորում այդ մարմնի գործունեության արդյունավետույուն»: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն մարմին ստեղծելու կառավարության որոշմանը:
Նա նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար կարևոր է քաղաքական կամքը, իսկ նման մարմնի ստեղծումը խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի առկայության մասին:
«Առաջ ենք գնում կառուպցիայի դեմ պայքարելու մեխանիզմների հստակության տեսանկյունից»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով մինչ այս գործած հակակոռուպցիոն մարմիններին, Կոստանյանը նշեց, որ դրանք եղել են ընդամենը խորհրդատվական բնույթի, գործել են՝ չունենալով գործուն լծակներ:
«Նոր ստեղծվող մարմինն ունենալու է հսկողական ու վերահսկողական գործառույթներ, որի գործունեությունը անհնար է, որ արդյունավետ չլինի»,-ասաց նա, ավելացնելով, որ նման մարմնի գործունեությունը չափելի է, ի տարբերության խորհրդատվական մարմնի:
Կոստանյանի խոսքով, այդ մարմինը պետք է իր գործունեության վերաբերյալ թափանցիկ հաշվետվություն ներկայացնի:
Անդրադառնալով մարմնում ընդդիմության ներկայացուցիչների ընդգրկման հարցին, Կոստանյանն ասաց, որ նման մարմինների ձևավորումը ու անկախությունը հիմնավորվում է ինստիտուտցիոնալ ու բովանդակության առումով:
«Մենք կարող ենք այդ մարմնում ունենալ ընդդիմության ներկայացուցիչներ, բայց այդ մարմինը չգործի անկախ: Պետք է լինի այնպիսի մարմին, անդամներն ընտրվեն այնպիսի չափանիշներով, որ մարմնի գործունեությունը լինի արդյունավետ: Եթե մարմնի 5 անդամներից չորսն էլ ընդդիմության ներկայացուցիչներ լինեն, դա դեռևս չի երաշխավորում այդ մարմնի անկախությունն ու աշխատանքի արդյունավետությունը»,-ասաց Կոստանյանը:
Պատգամավորի խոսքով, մարմնի անկախության վերաբերյալ հասարակական ընկալումը պետք է ունենանք դրա գործունեության, ոչ թե ընդդիմության ներկայացուցիչների ընդգրկվելու արդյունքում:
Կոստանյանն ասաց, որ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը լուրջ բազա ունի, դրա հիմքի վրա ստեղծվող հակակոռուպցիոն մարմինը կունենա լրացուցիչ գործինքեր, որպեսզի եղած հայտարարագրերի հիման վրա կատարել վերլուծություններ, համադրություններ, անհրաժեշտ տեղեկություններ ստանալ պետական մարմիններից:
«Այն նոր մարմին է, ոչ թե ինստիտուտցիոնալ, այլ լիազորությունների տեսակետից»,-նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան