Փոստանջյանը մանդատները վերցնում է ոչ թե խոստումները կատարելու, այլ քաղաքականության մեջ մնալու համար. քաղաքագետ
Քաղաքական գործիչները ընտրությունների արդյունքում վաստակած պաշտոնները վերցնում են ոչ թե նրա համար, որ իրագործեն ընտրողներին տված խոստումները, այլ որպեսզի մնան քաղաքականության մեջ։ Նույնը կարելի է ասել «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի մասին։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով վերջինիս այն հայտարարությանը, որ «Երկիր ծիրանին» վերցնելու է Երևանի ավագանու ընտրություններին արդյունքում ստացած մանդատները։
«Զարուհի Փոստանջյանի դեպքում Երևանի ավագանու կազմ մուտք գործելը նշանակում է, որ նա ի վիճակի է լինելու իր քաղաքական ապագան ապահովել գոնե Երևանի մակարդակով։ Սա արդարացված ձգտում է, և ես չեմ զարմացել, որ «Երկիր ծիրանին» վերցնում է մանդատները։ Միաժամանակ սպասելի էր, որ դա լինելու էր էմոցիանալ ձևերով։ Հենց այս ռազմավարությունն է Զարուհի Փոստանջյանին հնարավորություն տալիս մնալ քաղաքական տեսանելի դաշտում»,- ասաց քաղաքագետը։
Սերգեյ Մինասյանի խոսքով, նախկին պատգամավորի այս գործելաոճը լավ հաշվարկված էր, և զարմանալի կլիներ, եթե Զարուհի Փոստանջյանն այսպես չվարվեր։
Հիշեցնենք, որ Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել էր քաղաքացիների կողմից իրենց տրված լիազորությունները բանեցնելու մասին։
«Թե Հանրապետությունում, թե քաղաքապետարանում նրանք մեր դիմադրությունն են զգալու, մեր կողմից հարձակումներն են զգալու, ոչ թե ֆիզիկական, այլ հարձակում իրավունքի, օրենքի ու պահանջի տեսանկյունից»,- ասել էր նա: