Վարչապետը կարևորել է բարեփոխումների գործընթացում համայն հայության ներուժի ներգրավումը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, վարչապետը կարևորել է ՌԱԿ գործունեությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման և Սփյուռքում հայապահպանության գործում: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է ներդրումների խթանման, բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ նախաձեռնած բարեփոխումներում համայն հայության ներուժի ներգրավմամբ, և ՀՀ վարչապետի՝ սփյուռքահայությանն ուղղված կոչն հենց այդ նպատակին էր ուղղված:
Սերխիո Նահապետյանը ՌԱԿ անունից պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու ՀՀ կառավարության ծրագրերի ու բարեփոխումների կյանքի կոչմանը, ինչպես նաև համահայկական նշանակության խնդիրների լուծմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Սփյուռք համագործակցության, հայապահպանության, հայրենիքի հետ կապի ամրապնդման, Հայաստանի և Արցախի զարգացման հարցերի շուրջ։