Մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին
«Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային նվիրված մեկ նամականիշով գեղաթերթիկն այսօր մարվել և շրջանառության մեջ է դրվել:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, գեղաթերթիկի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը, «Ռիո-2016»-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիդջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Օլիմպիական օղակի տեսքով ձևավորված նամականիշի վրա պատկերված է «Ռիո-2016»-ի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի 2016 թվականի լավագույն մարզիկ, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:
Գեղաթերթիկի վրա ներկայացված են 31-րդ ամառային օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանի հաղթական մարտից հատվածներ, ինչպես նաև՝ իր նվաճած ոսկե մեդալը՝ տեղադրված օլիմպիական օղակներում:
Մեկ նամականիշով գեղաթերթիկն ունի 480 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի "Cartor” տպագրատանը: Նամականիշի չափսերն են` 38,0 մմ, շրջանակային, գեղաթերթիկի չափսերը` 120,0 x 75,0 մմ։ Տպաքանակը՝ 20 000 հատ։
Գեղաթերթիկի ձևավորման հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը: