Հայաստանում «Բժշկության ֆրանսիական օրեր» կանցկացվեն
Հուլիսի 6-8-ը Հայաստանում կանցկացվեն «Բժշկության ֆրանսիական օրեր,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն։
Միջոցառմանն օժանդակում են Ֆրանսիայից «Բիզնես Ֆրանս» կազմակերպությունը, Հայաստանից՝ ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Առողջապահության ոլորտի ֆրանսիական ընկերությունները կհանդիպեն հայստանյան իրենց գործընկերների հետ: Ընկերությունները կապված կլինեն բժշկական սարքավորումների, հիվանդանոցային պարագաների արտադրության, դեղագործության հետ: Թեպետ միջոցառման ուղղվածությունն առավել շատ կոմերցիոն է, բայց այդուհանդերձ չի խանգարելու, որպեսզի այդ օրերի ընթացքում նոր հանդիպումներ կայանան, նոր շփումներ հաստատվեն, գտնվեն հետագա համագործակցության եզրեր»,-մանրամասնեց դեսպանը:
Հանդիպմաը նրկա ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը տեղեկատցրեց, որ առողջապահության նախարարությունը, ֆրանսիական «Սանոֆի» ընկերությունն ու Համաշխարհային սոցիալական հոգեբուժության միավորումն ընդլայնում են համագործակցությունը հոգեբուժության ոլորտում:
«2013-2015 թվականերին Երևանում «Սանոֆի» ընկերության և Համաշխարհային սոցիալական հոգեբուժության միավորման հետ համագործակցությամբ, անցկացվեց պիլոտային ծրագիր, որի շրջանակում թիրախավորված էր շիզոֆրենիան: Գաղտնիք չէ, որ շիզոֆրենիայով տառապողների չնչին մասն է առնչվում հոգեբույժների հետ: Շատ հաճախ շատերը չեն գնում հոգուբույժների մոտ, որովհետև ժամանակին չեն ախտորոշվում և չեն ուղեգրվում մասնագետի մոտ։ Այստեղ շատ մեծ նշանակություն ունեն առաջնային օղակի բժիշկների մոտեցումները: Պիլոտային ծրագրի շրջանակում հնարավոր եղավ Երևանում վերապատրաստել բժիշկներին»»,- ասաց գլխավոր հոգեբույժը:
Նրա խոսքով՝ քանի որ պիլոտային ծրագիրը հաջող ընթացք ունեցավ, որոշվեց, որ այն ընդարձակվի. «Կնքվեց համաձայնագիր, որով ծրագիրն ընդլայնվեց երեք տարով և ներկայումս վերապատրաստվելու են նաև մյուս մարզերի մասնագետները ևս: Թիրախը լինելու է ոչ միայն շիզոֆրենիան, այլև դեպրեսիան»։
Ֆրանսիական «Սանոֆի» ընկերության դեղերի մատչելիություն բաժանմունքի փոխնախագահ Ֆրանսուա Բոմպարին ասաց, որ իրենց համար Հայաստանը կարևոր գործընկեր է:
«Այստեղ մենք ունենք լավ գործընկեր ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, ում առաջնահերթությունների թվին է դասվում համապատասխան ծրագրերի իրականացումը մտավոր խանգարումներ ունեցող անձանց տառապանքներն ամոքելու համար: Հայաստանն ունի առողջապահական անհամեմատ ավելի լավ զարգացած, արդյունավետ համակարգ, քան շատ այլ երկրներում, որոնց հետ մենք առիթ ենք ունենում աշխատելու»,-հավելեց նա: