Արման Սաղաթելյան. Մեկ հաճախականությամբ սփռում ամբողջ երկրով հնարավոր չէ
FM տիրույթի հաճախականության տեխնիկական պարամետրերը թույլ չեն տալիս, որպեսզի այդ հաճախականությունը մեծ թափանցելիություն ունենա: ԱԺ-ում անդրադառնալով «Ելք» խմբակցության անդամների կողմից բարձրացված հարցերին՝ հայտարարեց պատգամավոր Արման Սաղաթելյանը:
Նա ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի հեղինակներից է, մինչ պատգամավոր դառնալը Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենն էր:
Սաղաթելյանը բացատրեց, որ այդ պատճառով Հանրային ռադիոն ստիպված է պահել մի քանի տասնյակ հաղորդակ:
«Նույնիսկ Հանրային ռադիոն ունի հաղորդակ՝ 60 վատտ հզորությամբ, որպեսզի կարողանա լեռնային մի գյուղ ապահովել եթերով: Այսինքն, մեկ հաճախականությամբ սփռել ամբողջ երկրով, տեխնիկապես, ռադիոֆիզիկայի կանոններով հնարավոր չէ»,-ասաց նա:
Նրա խոսքով, թվային տեխնոլոգիաները տալիս են այդ հնարավորությունները, ինչը չի կարելի ասել անալոգայինների մասին:
Նրա խոսքով, տվյալ օրենքում փոփոխությունները որևէ կապ չունեն խոսքի ազատության սահմանափակման հետ, ինչպիսի մտահոգություն հայտնել է «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը:
«Եթե կա նման խնդիր, ապա դա կապված Թուրքիայի ու Ադրբեջանի մեդիա շահերը պաշտպանող կառույցների հետ, որովհետև սրանով լուրջ վտանգվում է և թուրքական, և ադրբեջանբական ռադիոների հեռարձակման ներթափանցումը հանրապետության տարածք»,-ասաց պատգամավորը: