Առաջարկվում է հնարավորություն տալ ԱԺ-ին՝ չեղյալ համարել կամ վավերացնել միջազգային պայմանագրերը
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած նախագիծը:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ներկայացնելով փոփոխությունները՝ նշեց, որ դրանք պայմանավորված են 2015 թ. ընդունված Սահմանադրության այն դրույթով, որ այսուհետ միջազգային պայմանագրերը հաստատվում կամ չեղյալ է համարում ոչ թե ԱԺ-ի որոշումով, այլ՝ օրենքով, իսկ օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է կառավարությանը:
Նրա խոսքերով՝ առաջարկվում է փոփոխություն կատարել, հնարավորություն տալ ԱԺ-ին չեղյալ համարել կամ վավերացնել միջազգային պայմանագրերը:
«Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելու է կառավարությունը, և կառավարության ներկայացուցիչը պատգամավորներին ներկայացնելու է համապատասխան համաձայնագիրը»,- նշեց փոխնախարարը:
Շավարշ Քոչարյանը նաև հայտնեց, որ ներկայացված նախագծով լուծում է տրվում մեկ այլ հարցի: «Ազգային ժողովում 30-ից ավելի միջազգային պայմանագրեր են կուտակվել: Քանի որ Սահմանադրության և Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն այդ պայմանագրերը ևս պետք է վավերացվեն օրենքով, ապա կառավարությանը տրվում է մինչև մեկ ամիս ժամանակ, որպեսզի այդ ընթացքում համապատասխան որոշումերի նախագծերը ներկայացվեն Ազգային ժողով»,- ասաց փոխնախարարը: