Ղարաքիլիսայի ծերացող Դարպասը՝ վարկերի մեջ. «Եղունգ ունես, գլուխդ քորի»
Վանաձորից 1 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող Դարպաս գյուղը տեղակայված է Փամբակ գետի աջ ափին՝ ծովի մակարդակից 2200 մ բարձրության վրա։ 1800-ականներից գյուղը համարվել է Ղարաքիլիսայի (Վանաձոր) դարպասը, քանի որ ճանապարհը դեպի Ղարաքլիսիա անցել է Դարպաս համայնքով:
Խորհրդային տարիներին գյուղը ծաղկում էր ապրում, թեև Դարպասը սովխոզ տնտեսություն է եղել, սակայն գյուղում գործել են բազմաթիվ ձեռնարկություններ, որտեղ էլ աշխատել են դարպասցիները: Գյուղն ունեցել է մշակույթի կենտրոն, երաժշտական դպրոց, ասֆալտապատ ճանապարհներ:
Պատկերն այսօր այլ է: Հիմա Դարպասի ճանապարհները քանդված են, մարդիկ ապրում են արտագնա աշխատանքով, գյուղացիների մի մասն էլ զբաղվում է հողագործությամբ, անասնապահությամբ:
Հասմիկ Ավագյանը 40 տարի առաջ Վանաձորից հարս է եկել Դարպաս գյուղ, իրեն համարում է դարպասցի: «Գյուղը շատ եմ սիրում, սկզբից էլ հարմարվել եմ ու սիրով ապրում եմ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է տիկին Հասմիկն ու պատմում իր համերաշխ ընտանիքի մասին:
Ապրում է ամուսնու, տղայի ընտանիքի հետ: Բարեբախտաբար, այս ընտանիքն այն քչերից է, որ դեռ փորձում են հայրենիքում աշխատել, երեխաներին գյուղում մեծացնել:
«Յոլա ենք գնում, տղաս աշխատում է, մշակում ենք տան դիմացի հողը, իսկ մյուս հողերը՝ ոչ, եկամուտ չենք ստանում, ավելորդ ծախսի տակ չենք ուզում ընկնել, առանց այն էլ վարկերը շատ են»,- նշում է տիկին Հասմիկն ու հավելում, որ եթե ցածր տոկոսադրույքով վարկեր տրամադրեն, ապա կփորձեն մնացած հողերն էլ մշակել, անասունների թիվն ավելացնել:
«Վարկեր շատ ունենք, բայց ո՞վ չունի, բոլորն էլ ունեն: Հիմա նորից վարկ վերցնենք, դա էլ ճիշտ չէ: Հաշտ, համերաշխ ապրում ենք, եթե ֆինանսական խնդիրներն էլ լուծվեն, մեր գյուղից լավ տեղ չկա»,- ասում է տիկին Հասմիկը:
57-ամյա Անիչկայի տղան տարիներ առաջ բռնել է Ռուսաստանի ճանապարհն ու բնակություն հաստատել այնտեղ. «Տղաս գնաց Ռուսաստան, ամուսնացավ ու այնտեղ էլ մնաց: Հետ գալու մասին խոսք չկա, գա՝ ի՞նչ անի»:
Նրա միակ մխիթարանքն այն է, որ մյուս տղան իր կողքին է: «Աշխատանք որ լինի, ոչ մեկ էլ գյուղից չի գնա, բայց ջահելները ո՞նց ապրեն: Լույսը բացվում է չարչարվում ենք մինչև մութն ընկնելը: Եթե աշխատատեղ լինի, ապա նորմալ կապրենք»,- ասում է Անիչկան:
Նրա հարևանուհին՝ 70-ամյա Գեղեցիկ Ալոյանը հիշում է, որ մինչև 90-ականները գյուղի բնակիչների մեծ մասն աշխատում էր Դարպասի և Վանաձորի գործարաններում, բայց հիմա գործարանները պարապուրդի են մատնված, երիտասարդներն էլ ստիպված գնում են Երևան կամ Ռուսաստան:
Գարնան շեմին խոպանչիների մի մեծ բանակ լքում է գյուղը ու տուն վերադառնում արդեն ձմռանը: Ընտանիքներն էլ գոյատևում են «խոպանից» ուղարկված գումարներով, կենսաթոշակով ու նպաստով:
Խոստովանում է, որ դարպասցիները «նիսյայով» են խանութից օգտվում, կանխիկով գնումներ քչերն են անում, պարտքով վերցրած ապրանքների դիմաց համագյուղացիները վճարում են թոշակը ստանալիս, կամ երբ դրսից հարազատները գումար են ուղարկում:
Տիկին Գեղեցիկի խոսքերով՝ գյուղում ապրելը մեծերի համար է լավ, իսկ երիտասարդներին չեն կարող ստիպել, որ այդտեղ մնան. «Եթե աշխատանք չկա, էդ տղան ոնց ընտանիք պահի՞: Եթե գյուղում էլ աշխատում են, ստացած գումարով մինիմալ ծախսերը չեն կարողանում հոգալ: Դրա համար ջահելները գնում են ու գնում»:
Դարպասցիների միակ մխիթարանքն այն է, որ վերջին շրջանում գնացողները հետ են վերադառնում:
Գեղեցիկ Ալոյանը միաժամանկ ասում է՝ այս կյանքում ոչ մի բան հեշտ չի տրվում, չի ընդունում որոշ համագյուղացիների անդադար բողոքները:
«Եթե ձեռներդ ծալած տունը նստես ու անդադար բողոքես՝ էդ ուր կհասնի՞: Մարդ կա, չի ուզում նույնիսկ իր տան դիմացի հողը մշակի: Մենք զբաղվում ենք հողագործությամբ, մթերքն իրացնում ենք Վանաձորի շուկայում, որ ասում են բան չի ստացվում, ճիշտ չի, ես մշակում եմ ու ստացվում է: Մենք մեր քրտինքով ապրող մարդիկ ենք, իշխանությունից ինչ պահանջես, կա՞ իշխանություն, եղունգ ունես` գլուխդ քորի: Ոչ մի բան էլ հեշտ չէ, եթե աշխատես, ապա կունենաս»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հինգ իրավապաշտպաններ Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ կկազմակերպեն բողոքի ակցիա