Զեյնալյան. Քվեարկության կամք ձևավորելու համար կարևոր են դեբատները
«ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված բոլոր հարցերն էլ հրատապ են»: «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխան ԱԺ-ում հայտարարեց արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Զոհրաբյանը նայեց օրակարգի հարցերն ու կարծիք հայտնեց. «Կան այնպիսի նախագծեր, մասնավորապես թոշակավորման հետ կապված, որ բացարձակ հատուկ ռեժիմ ու արագ քննարկում չի պահանջում: Նախագծեր կան, որոնք շատ հանգամանալից քննարկում են պահանջում»:
Գործադիրի ներկայացուցիչն արձագանքեց, հենց այդ հարցն է հրատապ, ժամկետ կա՝ օրենքը պետք է ընդունվի և ուժի մեջ մտնի մինչև հուլիսի 1-ը:
«Ելք» խմբակցությունից Արտակ Զեյնալյանն էլ նկատեց, որ քվեարկության կամք ձևավորելու համար կարևոր են դեբատները: Նա առաջարկեց փոփոխություն կատարել ու հատուկ քննարկման ռեժիմից հանել երկու օրենքները:
Փոխնախարարն ասաց՝ հրատապ են, ինքը պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին:
Փաշինյանն էլ նկատեց, այսպիսով խորհրդարանական քննարկումների պրակտիկան վերացնելու քայլ է արվում:
Նույն խմբակցությունից Էդմոն Մարուքյանն էլ այդ պրակտիկային վերջ դնելու և կառավարությանն ուղերձ հղելու համար առաջարկեց դեմ քվեարկել նման նախագծերին, կամ էլ ԱԺ խորհուրդը պետք է որոշի նախագծերի հրատապ լինել-չլինելը:
«Այլապես անհարգալից վերաբերմունք է պառլամենտարիզմին: Եթե մենք ուզում ենք պառլամենտը զարգացնել Հայաստանում, նման արագ քննարկումներով չպետք է առաջնորդվենք: Պետք է շատ երկար քննարկենք, որպեսզի հասկանանք, թե ինչ է ուզում կառավարությունն անել: Հակառակ դեպքում էլի քննարկումները դուրս են մնալու այս շենքից, դրսում ունենալու ենք այլ բաներ»,-ասաց Մարուքյանը:
Հիշեցնենք, օրակարգում է նաև առաջին ընթերցմամբ քննարկված «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ԱԺ կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն, փոփոխությամբ հնարավորություն է տրվում «դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող այն անձանց, ովքեր համապատասխանաբար 2014 և 2017 թվականների հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեն, կենսաթոշակ ստանալու իրավունքից օգտվեն նաև 2017 թվականի հուլիսի 1-ից հետո` այդպիսով երաշխավորելով դատախազի, ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնող անձանց անկախության սոցիալական երաշխիքները, իրավական պետությանը հարիր կենսաթոշակի իրավունքից օգտվելու լեգիտիմ ակնկալիքը: