Զվարթնոցում բացվելու է Մխիթարյան միաբանության գործունեությանը նվիրված ցուցադրություն
Ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթի պատմության մեջ բացառիկ նշանակություն և ուրույն տեղ զբաղեցրած Մխիթարյան միաբանությունն այս տարի կնշի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի մուտք գործելու 300-ամյակը: Մխիթար Սեբաստացու, ինչպես նաև միաբանության գործունեությունը հանրության լայն շրջանակներին ներկայացնելու ու հանրահռչակելու նպատակով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենությունը նախաձեռնել է սեպտեմբերի 21-ին «Զվարթնոց» պատմամշակութային-արգելոց թանգարանում բացել «Ձայն տուր, ով կղզյակ» խորագիրը կրող ցուցահանդես:
Հոգևոր, ուսումնակրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը հիմնադրել է Մխիթար Սեբաստացին` 1701 թ., Կոստանդնուպոլսում: 1717 թ. միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ. Ղազար կղզում` վերածելով այն յուրահատուկ ոգեղեն Հայաստանի` կյանքի կոչելով Մխիթարյան միաբանության կարգախոսը` «Ի փառս Աստուծոյ եւ յանուն լուսաւորութեանն ազգի մերոյ»:
ՊՈԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են տարեսկզբից: ՊՈԱԿ-ի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Էլմիրա Եսայանը Վենետիկ մեկշաբաթյա գործուղման ընթացքում ծանոթացել է արխիվային հարուստ ու հետաքրքիր նյութերի:
Նախանշվող ցուցադրությունը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը հանդիպել է Հայաստանի Մխիթարյան կրթահամալիրի պատասխանատու Հայր Եղիայի հետ, քննարկել ցուցադրության կազմակերպչական աշխատանքներին, արխիվային ու բնագիր նյութերին առնչվող հարցեր:
ՊՈԱԿ-ի տնօրենը խոսել է Մխիթարյան միաբանության արխիվային հարուստ նյութերի որոշ մասը ցուցադրությանը ներկայացնելու, մասնավորապես` միաբանության կազմավորմանը վերաբերող հռչակագրի, միաբանությունում սովորած ու աշխատած նշանավոր մարդկանց, օտարազգի հանճարների բնագիր նյութերի, անձնական իրերի և այլնի մասին:
Հայր Եղիան պատրաստակամություն է հայտնել ՊՈԱԿ-ի ցուցադրությունների բաժնի հետ համատեղ աշխատել յուրաքանչյուր նյութի մշակման, հավաքման ուղղությամբ: Նրա խոսքով, ցուցադրությանը ներկայացվելիք արխիվային նյութերի համար էլ հարկ կլինի գրությամբ դիմել Վենետիկ` Մխիթարյան միաբանությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան