Ծխախոտային համաճարակի հետևանքով տարեկան 6 միլիոն մարդ է մահանում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր երկրները յուրաքանչյուր տարի մայիսի 31-ին նշում են առանց ծխախոտի համաշխարհային օրը։ Այս տարի ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարգախոսն է. «Ծխախոտը՝ զարգացման սպառնալիք»:
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, ծխախոտային համաճարակի հետևանքով տարեկան 6 միլիոն մարդ է մահանում: Մահացության դեպքերի ավելի քան 5 միլիոնը ծխախոտի սպառման արդյունք է, մինչդեռ ավելի քան 600,000 մահվան դեպք պայմանավորված է պասիվ ծխելով:
Աշխարհի 1 միլիարդ ծխողների գրեթե 80%-ը ապրում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ ծխախոտի հետ կապված հիվանդացության և մահացության թվաքանակի դեպքերն ամենամեծն են:
Պասիվ ծխելը ևս սպառնալիք է: Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4000 քիմիական նյութ, որից առնվազն 250-ը հայտնի է իր վնասակար հատկություններով, և ավելի քան 50-ը պատճառ է քաղցկեղի առաջացման համար: Պասիվ ծխելու ազդեցության անվտանգ մակարդակ չկա: Մեծահասակների շրջանում պասիվ ծխելն առաջացնում է լուրջ սրտանոթային և շնչառական հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն և թոքի քաղցկեղ:
Հղի կանանց շրջանում այն հանգեցնում է ծնելության ցածր քաշի: Երեխաների գրեթե կեսը հանրային վայրերում պարբերաբար շնչում է ծխախոտի ծխից աղտոտված օդ: Պասիվ ծխելու հետևանքով տարեկան գրանցվում է ավելի քան 600,000 վաղաժամ մահացության դեպք: 2004թ. երեխաների շրջանում մահվան դեպքերի 28%-ը վերագրվում է պասիվ ծխելուն:
Ծխախոտային արտադրատեսակների գովազդի խթանման և հովանավորչության բազմակողմանի արգելքը կարող է նվազեցնել ծխախոտի սպառումը միջինում մոտ 7%-ով, որոշ երկրներում՝ ծխախոտի սպառումը հասցնելով մոտ 16%-ի:
Կանխատեսումների համաձայն՝ եթե լուրջ միջոցներ չձեռնարկվեն, ապա մինչև 2030 թվականն աշխարհում ծխախոտի բացասական ազդեցությունից կմահանա 8 մլն մարդ, մահերի 80%-ն էլ բաժին կհասնի ցածր և միջին եկամուտ ունեցող բնակչությամբ երկրներին։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան