Եթե իմ դեմ գործը «Սասնա ծռեր»-ի գործից չանջատվի, ապա դատը տարիներ կտևի. Կարո Եղնուկյան
Ինչպես հայտնի է, «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեղադրանքով շուրջ 9 ամիս անազատության մեջ գտնվող Կարո Եղնուկյանը դիմել է դատարան՝ միջնորդելով իր դեմ հարուցված քրեական գործը անջատել «Սասնա ծռեր»-ի գործից:
Այսօր այս հարցով շարունակվող դատական նիստի ընթացքում Եղնուկյանը շեշտեց, որ եթե իր դեմ հարուցված քրեական գործը «Սասնա ծռեր»-ի գործից չանջատվի, ապա երկու նիստ կամ մեկ ամիս տևելիք դատը կվերածվի մի քանի տարվա դատական քաշքշուկի։
«Եթե իմ գործը չանջատվի, ապա իմ նկատմամբ հիմնարար իրավունքների և օրինական շահերի խախտում կարձանագրվի, հետևաբար, գործը պետք է անջատել։ Այս կետով է որոշվում՝ արդյոք ես մեկ ամսի՞ց կիմանամ՝ ճակատագիրս ինչպիսին է, թե նվազագույնը 3-4 տարի քարշ կգամ դատարաններում, անիմաստ տեղը հետ-առաջ կգնամ։ Ես ապացուցելու եմ, որ սա է իմ հետապնդած գլխավոր գաղափարը»,- ասաց Կարո Եղնուկյանը։
Դատավորը վերջինիս կոչ արեց խոսել ըստ էության, ամբիոնն օգտագործել ըստ նշանակության, քանի որ դատարանը ոչ թե հրապարակ է, այլ մարմին, որտեղ բացառապես պետք է քննարկվեն մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող հարցեր։
Եղնուկյանն ի պատասխան շեշտեց՝ դատավարության ամբողջ հարցը վերահսկողության առարկայի մեջ է։
Նա ընդգծեց՝ պարզից էլ պարզ է, որ արագ դատավարության իր հիմնարար իրավունքը կոպիտ կերպով խախտվում է։ Կարո Եղնուկյանը դատավորին հորդորեց խիզախ լինել և չվախենալ նախադեպային որոշում կայացնել։
«Քրեական գործով դատական քննությունը հնարավոր է ավարտել 2 դատական նիստով։ Պարզապես դատարանը պետք է գնահատի ինձ առաջադրված մեղադրանքի բովանդակությունը, պահանջի նախաքննական մարմինց քրեական գործը, փորձի պարզել՝ գործի նյութերից որոնք են ամիջականորեն վերաբերում ինձ առաջադրված մեղադրանքին»,- ասաց նա։
Դատարանն ավարտեց Եղնուկյանի բողոքի քննությունը և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 22-ից կալանքի տակ գտնվող Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 և 219 հոդվածներով՝ պատանդ վերցնելուն, շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն աջակցելու համար, որով նախատեսվում է 8-15 տարվա ազատազրկում:
Հարակից հրապարակումներ`
- Անազատության մեջ պահվող Կարո Եղնուկյանը ներկայացրել է իր խնդիրները
- Կարո Եղնուկյանի գործին խառնվել է ԱՄՆ դեսպանատունը
- Կարո Եղնուկյանի մեղադրանքը գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները. Փաստաբան
- Կարո Եղնուկյանին թվացե՞լ է, որ իրեն հետևել են. Ոստիկանության պարզաբանումը
- Օմբուդսմենը հրատապ ընդունել է Կարո Եղնուկյանին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան