Իրանցի փոխնախարարի հետ պայմանավորվել են հարթել հայկական ապրանքների արտահանման գործընթացները
«Նախորդ տարի ցուցահանդեսին մասնակցելիս հայկական ընկերությունները հանդիպել են մի շարք ընթացակարգային խնդիրների՝ իրենց ապրանքներն ու իրերն Իրան տեղափոխելիս՝ կապված լրացուցիչ թույլտվությունների համակարգի հետ, որը բավականին բարդ, ժամանակատար գործընթաց է։ Անհրաժեշտ է դյուրացնել այդ ընթացակարգերը»: Իրանի Հանքարդյունաբերության և առևտրի փոխնախարար Մոջթաբա Խոսրովթաջի հետ հանդիպմանը խնդրի մասին բարձրաձայնել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը:
Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, 2016 թ. հոկտեմբերին Թեհրանում անցկացված «Հայաստան Էքսպոյից» հետո սննդի, շինանյութի, ոսկեգործության, զբոսաշրջության, տեքստիլ ոլորտի 18 ընկերություններ և բանկեր բանակցություններ են վարում հայկական ապրանքների և ծառայությունների արտահանման ուղղությամբ։
Հիմնադրամի գործադիր տնօրենը բարձրացրել է ցուցահանդեսից հետո դեպի Իրան հայկական ապրանքների արտահանման ժամանակ առաջացող ընթացակարգային խոչընդոտների վերացման խնդիրը։
Հիմնադրամի արտահանման տնօրեն Հայկ Միրզոյանը ներկայացրել է արտահանման պայմանավորվածություններ ձեռք բերած և խոչընդոտների հանդիպած հայկական ընկերությունների ցանկը. հիմնականում սննդամթերք, տեքստիլ, ոսկերչական իրեր արտահանող։
Ի պատասխան Իրանի Առևտրի խթանման կազմակերպության նախագահ Մոջթաբա Խոսրովթաջն ասել է. «Հիմա ես այստեղ եմ և պատրաստ եմ հանդիպել նման խնդիրներ ունեցող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Կարծում եմ, պետական կառույցները պետք է ճանապարհ հարթեն, ենթակառուցվածքներ ստեղծեն երկու երկրների գործարարների համար Իրանում և Հայաստանում նոր ներդրումներ անելու և առևտրի ծավալները մեծացնելու համար»:
Իրանցի պաշտոնակցի առաջարկով ՀԶՀ գործադիր տնօրենը ներկայացրել է մեր երկրի արտահանման և ներդրումային հեռանկարներ ունեցող ոլորտները՝ ՏՏ, զբոսաշրջություն, գյուղմթերքի վերամշակում, տեքստիլ, ոսկերչություն։
Հանդիպմանը շոշափվել է նաև մեր երկրից դեպի Իրան ներմուծվող ապրանքների համար սահմանված բարձր մաքսատուրքերի խնդիրը (որոշ դեպքերում՝ 100 տոկոսից ավելի)։ Ներկայում դեպի Իրան արտոնյալ պայմաններով՝ ցածր մաքսատուրքով 37 անուն հայկական ապրանքների արտահանման համար բանակցություններ են ընթանում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան