Կրծքով կերակրման առաջին հայալեզու վիդեոհանրագիտարանը պատրաստ է
Հունիսի 1-ին՝ ժամը 19:00, Երազի այգում տեղի կունենա հայալեզու առաջին Կրծքով կերակրման վիդեոհանրագիտարանի շնորհանդես-համերգը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ երկու տասնամյակից ավելի հետևողականորեն իրականացնում են կրծքով կերակրման խրախուսմանն ուղղված ծրագրեր՝ տարեց տարի արձանագրելով կրծքով կերակրման ցուցանիշների աճի դրական միտում (ՀՀ ԱՆ տվյալներով Հայաստանում մինչև 6 ամսական երեխաների 45 տոկոսը կերակրվում է կրծքով):
«Ինչո՞ւ է դա կարևոր: Օպտիմալ կրծքով կերակրման միջոցով հնարավոր է կանխել մինչև 5 տարեկան երեխաների մահերի 13 տոկոսը: Կրծքով սնուցումը միայն Հայաստանում տարեկան մոտավորապես 50 երեխայի կյանք կարող է փրկել»,-պարզաբանում են ՄԱԿ-ի հայատրանյան գրասենյակից:
Ըստ աղբյուրի, չնայած կրծքով կերակրման տոկոսային պատկերի բարելավմանը, ապագա և ներկա մայրիկները հայալեզու հավաստի տեղեկատվության աղբյուրների կարիք ունեն կրծքով կերակրումը կազմակերպելու և այդ շրջանում հնարավոր խնդիրներից խուսափելու համար, որը շատերին դրդում է հետևել սխալ խորհուրդների օգտվելով ոչ հավաստի աղբյուրներից:
Վիդեոհանրագիտարանը ստեղծվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ընտանիքի Ակադեմիա» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ:
Այն կոչված է պատասխանելու կրծքով կերակրմանն առնչվող ամենատարածված հարցերին՝ մատչելի ձևակերպումներով, հստակ օրինակներով: DVD-սկավառակներն առաջիկա ամիսներին կտարածվեն ՀՀ մարզերի և Երևանի ծննդատներում, հասանելի կլինեն առցանց հարթակում:
Ֆիլմաշարի առանցքային հաղորդագրությունները չորսն են.
հղիության ընթացքում ապագա մայրիկը պետք է իր փոքրիկին կրծքով կերակրելու մասին որոշում կայացնի, վաղօրոք ծանոթանա գործընթացի նրբություններին, հոգեպես պատրաստվի դրան
նորածինը մինչև վեց ամսականը լրանալը պետք է սնվի բացառապես մայրական կաթով
ցանկալի է, որ մայրիկը երեխային կրծքով կերակրի այնքան երկար, որքան դա հնարավոր է
կերակրող կինը (նաև ապագա մայրերը) պետք է իրազեկ լինի կրծքով կերակրմանն ուղեկցող հնարավոր խնդիրներին, դրանց կանխարգելման և լուծման գրագետ ճանապարհներին:
Հարակից հրապարակումներ`
- Ավստրալացի պատգամավորը նիստի ժամանակ կրծքով կերակրել է երեխային
- Աջակցել երիտասարդ մայրերին՝ կարծրատիպերը կոտրելու և կրծքով կերակրման վերադառնալու համար. Տանյա Ռադոչայ
- ՄԱԿ. Աշխարհում 77 միլիոն նորածիններ կրծքով չեն սնուցվում կյանքի առաջին ժամի ընթացքում
- Կրծքով կերակրումը նպաստում է երեխայի ինտելեկտի բարձրացմանը
- Մարդաշատ վայրում կրծքով կերակրելն ամոթ չէ. բողոքի ակցիա
- Ազգային Ժողովը վերջապես ընդունեց կրծքով կերակրման խրախուսման մասին օրենքը
- Հայաստանում մայրերին օրենքով պարտադրելու են կրծքով կերակրել
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում