Կարո Եղնուկյանի դեմ քրեական գործը «Սասնա ծռերի» գործից չի անջատվի
Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը քիչ առաջ վերադարձավ խորհրդակցական սենյակից և հայտարարեց, որ մերժում է Կարո Եղնուկյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ վերջինիս դեմ հարուցված քրեական գործն անջատել «Սասնա ծռերի» դեմ հարուցված քրեական գործից։
Դատարանի դահլիճում որոշման ընթերցումից հետո հնչեցին՝ «Ամոթ», «Մահ ռեժիմին» բացականչություններ։
Դատավորը շեշտեց, որ որոշումը կարող է 10-օրյա ժամկետում բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարանում։
«Դատարանն այս փուլում, այս քննությամբ չէր կարող անդրադառնալ հարցերի այն խմբին, որոնք բարձրացվել էին։ Ըստ էության, գործը գտնվում է այլ դատարանի վարույթում, և դատարանի կողմից այդ տեսակի որոշումը կմտներ անմիջականորեն այն դատարանի գործի քննության տարածք և կխախտեր բազմաթիվ նորմեր»,- ասաց Արսեն Նիկողոսյանը։