Լոքյան. 400 համայնքի բյուջետային եկամուտները հնարավորություն չեն տալիս զարգանալու
Աստիճանաբար պետք է իրականացվի համայնքների խոշորացումը և պետք է գնալ վարչատարածքային փոփոխությունների: Այս մասին հայտարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը Վարդենիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը:
«Առանձին-առանձին համայնքները չունեն հնարավորություններ և ռեսուրսներ` ծրագրային գաղափար դնելու, բյուջե մեծացնելու և մնացած խնդիրները լուծելու համար: Մենք Հայաստանում ունենք մոտավորապես 400 համայնք, որոնց բյուջետային եկամուտները հնարավորություն չեն տալիս զարգանալու: Մեր երկրում պետք է բարեփոխումներ իրականացվի, սա պետական քաղաքականություն է, որի արդյունքում մենք պետք է գնանք վարչատարածքային փոփոխությունների»,-ասել է Դ. Լոքյանը:
Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նա համապարփակ տեղեկատվություն է ներկայացրել արդեն խոշորացված համայնքներում իրականացված և իրականացվող աշխատանքների մասին:
«Համայնքի բյուջեով իրականացվել են ճանապարհաշինական աշխատանքներ, կառուցվել են ջրագծեր, մաքրվել սելավատարներ, անցկացվել է գիշերային լուսավորություն, համայնքի համար գնվել է անհրաժեշտ տեխնիկա, գնվել է սերմացու՝ բնակիչներին անվճար տրամադրելու նպատակով, ստեղծվել են աշխատատեղեր՝ ըստ անհրաժեշտության, և կրճատվել են այն աշխատողները, որոնք համայնքում որևէ գործառույթ չեն իրականացնում»,-նշել է Դավիթ Լոքյանը:
Նրա տեղեկացմամբ, ՀՀ ՏԿԶ նախարարությունը հատուկ ձեռնարկ է սահմանել, թե ինչ կարգով պետք է աշխատի խոշորացված համայնքի ղեկավարը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության մայիսի 18- ին կայացած նիստում հաստատվել է համայնքների խոշորացման օրենքի նախագիծը, որը ներկայացվելու ՀՀ ԱԺ։
Ըստ այդմ՝ 361 համայնքների միավորման արդյունքում ձևավորվելու է 30 համայնք:
Սյունիքում խոշորացվող համայնքներն են՝ Կապանը, Քաջարանը և Սիսիանը,
Լոռիում՝ Ալավերդին, Ախթալան, Ստեփանավանը, Տաշիրը, Օձունը,
Կոտայքում՝ Բյուրեղավանը, Չարենցավանը, Եղվարդը, Ակունքը, Մեղրաձորը, Ջրվեժը, Քասախը:
Շիրակում հարակից համայնքների հաշվին խոշորացվելու են Անին, Ախուրյանը, Մարմարաշենը,
Արագածոտնի մարզում՝ Ապարանը, Ալագյազը, Արագածավանը, Ծաղկահովիտը,
Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորը, Արենիը, Եղեգիսը, Տավուշի մարզում՝ Իջևանը, Բերդը:
Գեղարքունիքում՝ Վարդենիսը, Մասրիկը , Ճամբարակը:
Հարակից հրապարակումներ`
- Համայնքների խոշորացումը բարեփոխում չէ, այլ չարիք. Սոս Գիմիշյան
- Թաթուլ Մանասերյան. Խոշորացման ծրագրի դեմը պետք է առնել
- Խոշորացումը համայնքներին կհասցնի «անապատացման». տնտեսագետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին