Ադրբեջանն անհանգստացած է Հայաստանի կողմից «Իսկանդեր»-ի ձեռք բերմամբ. Կ. Նահապետյան
Ադրբեջանական պատվիրակներն անհանգստացած են Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի ձեռք բերման հետ կապված: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
«ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանցի պատվիրակը հարց է բարձրացրել Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի ձեռք բերման հետ կապված: Բավականին անհանգստացած են ադրբեջանցի պատվիրակներն, ինչը նկատելի էր հարց տալու ընթացքում»,- նշեց նա:
Կ. Նահապետյանի խոսքով, հայկական պատվիրակությունը պարզաբանել է, թե ինչպիսին է Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը, որոնք են Հայաստանի անվտանգության առաջնահերթությունները և հստակ նշվել է, որ այս համակարգի ձեռքբերումը նպատակ ունի վերականգնել ուժերի հավասարակշտությունը Հարավային Կովկասում:
Նա նշեց, որ ադրբեջանական պատվիրակը խոսել է նաև Հայաստանի կողմից անվճար Ռուսաստանից զենք ձեռք բերելու մասին:
«Մենք հակառակ պնդումն արեցինք, որ վերջին ժամանակահատվածում Ադրբեջանում միլիարդավոր դոլարներ է ծախսվում հարձակողական նշանակության զենք ձեռք բերելու համար, չենք ողջունում սպառազինության մրցավազքը տարածաշրջանում, բայց մյուս կողմից մեր բոլոր գործողությունները նպատակաուղղված են լինելու մեր պաշտպանական կարողություններն ամրապնդելուն, տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունն ապահովելուն:
Նշվել է նաև, որ այսօր Ադրբեջանը դարձել է Եվրոպայում սպառազինություններ ներկրող ամենախոշոր պետություններից մեկը և դա լրջագույն մարտահրավեր ու սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանային պետությունների, այլ ընդհանուր առմամբ միջազգային հանրության համար»,- ասաց Կ. Նահապետյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան