Մասնագետներ. Ծխելու դեմ ամենալավ պայքարը մարդու գրպանին կպնելն է
Մայիսի 31-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է որպես առանց ծխախոտի համաշխարհային օր: Այս տարի օրվա թեման է «Ծխախոտը՝ զարգացման սպառնալիք»:
Օրվա առիթով ԱՀԿ հայաստանյան գրասենյակի և ՀՀ առողջապահության նախարարության կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Եգոր Զայցևն ասաց, որ ծխելու հետևանքով աշխարհում մահանում է տարեկան 7 միլիոն մարդ, որից 600000-ը՝ պասիվ ծխելու պատճառով:
«Մի ծխեք այն մարդկանց ներկայությամբ, ում սիրում եք, հրաժարվեք ծխելուց»,- կոչ արեց նա:
Զայցևը կարծում է, որ ծխելու դեմ կարելի է պայքարել հարվածելով մարդու գրպանին։
Հանդիպմանը ներկա առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի խոսքով՝ Հայաստանի համար սա կարևոր մեսիջ է. «Գաղտնիք չէ, որ հայերս ծխող ազգ ենք: Ես հանձնարարական ունեմ և հանրապետության նախագահից, և վարչապետից, որպեսզի մենք պատերազմ հայտարարենք ծխելուն, հաղթենք այս չարիքին, որի անունն է ծխախոտ: Հարցը դրված է հետևյալ կերպ՝ ծխողների քանակը նվազեցնել 30-40 տոկոսով»:
Նախարարը համաձայնեց, որ պայքարի ամենալավ միջոցը գրպանին կպնելն է. «Հոգեբանական միջոցներն այդ ազդեցությունը չեն ունենում, գրպանին կպնելով, արգելելով այս կամ այն վայրերում ծխելը, տուգանելն ամենալավ ազդեցությունն է ունենում: Ընտանիքները կհարստանան՝ ծխելը թողնելով»:
ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը շեշտեց, որ հիմնախնդիրը շարունակում է արդիական մնալ մեր երկրում. «Այս տարի մշակվեց ծխախոտի դեմ պայքարի նոր ծրագիր, որը այժմ ներկայացված է կառավարությանը: Նոր ծրագիրը նախատեսում է բավականին կոշտ օրենսդրական փոփոխություններ թե գովազդի, թե հասարակական վայրերում ծխելու հետ կապված»։
Ինչ վերաբերում է վիճակագրությանը՝ նա հայտնեց, որ ամեն երկրորդ չափահաս տղամարդ Հայաստանում ռեգուլյար ծխախոտ օգտագործող է:
Նոր կանխատեսումները փաստում են, որ Հայաստանում ծխախոտի դեմ պայքարի խիստ քաղաքականությունները թույլ կտան առաջիկա քառասուն տարիների ընթացքում կանխել ավելի քան 187000 մահվան դեպք:
Ըստ 2015 թվականի ծխախոտի համաճարակի վերաբերյալ ԱՀԿ զեկույցի՝ 2012-ին Հայաստանում մեծահասակների շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածությունը 25,4 տոկոս (տղամարդիկ 50,9 տոկոս, կանայք՝ 3,2 տոկոս): Հաշվի առնելով Հայաստանի չափահաս բնակչության շրջանում ծխողների ներկա մակարդակը՝ ծխելու հետևանքով վաղաժամ մահացության դեպքերը կկազմեն 295500` ներկայում ծխող 59100-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա