«Պետք է արվի հնարավորը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումն իրականացնելու համար»
«Այսօր մանկատանն այս ջերմ և ուրախ մթնոլորտն ապահովում են հենց ձեր ուրախ ժպիտները, մաղթում եմ, որ այդ ժպիտները երբեք չիջնեն ձեր դեմքից»,- այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն՝ այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Խարբերդի մասնագիտացված մանկատուն այցի ժամանակ։
Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախարարը ներկա գտնվել մանկատան սաների կողմից կազմակերպված միջոցառմանը, որտեղ երեխաները պարել, երգել և փոքրիկ բեմադրություն են ներկայացրել:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում Արտեմ Ասատրյանը ներկայացրել է երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշելով, որ դրանց հիմնական նպատակը շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպումն է երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոնների, որտեղ կմատուցվեն սոցիալ-վերականգնողական, հոգեբանական, մանկավարժական և այլ սոցիալական ծառայություններ:
«Որքան մատչելի և հասանելի լինեն այլընտրանքային ծառայությունները համայնքում, այնքան հեշտ կլինի հատուկ կարիք ունեցող երեխաներին ևս պահել ընտանիքներում, սա է ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն այսօր: Պետք է արվի հնարավորը երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումն իրականացնելու համար»,-ընդգծել է նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- «Լինեն ազնիվ». Խորհրդարանում են երեխաները
- «Երեխաների պաշտպանության համար պատասխանատու է պետական յուրաքանչյուր մարմին, հասարակության յուրաքանչյուր անդամ»
- Հունիսի 1-ը Երևանում՝ Տավուշի սահմանապահ երեխաների հետ