Հունիսի 1-ը՝ «Զվարթնոցում»
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարանի տարածքում կայանալու է տոնական համերգ:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ մանուկների օրը տոնական գույներով կներկեն Էջմիածին քաղաքի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի, Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի, Կոմիտասի անվան մշակույթի պալատի, Էջմիածնի Հայորդաց տան և «Սոֆի Դևոյան» մշակույթի կենտրոնի հրաշամանուկները։
Միջոցառման մուտքն ազատ է: Սկիզբը՝ ժամը 15։00-ին:
Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Այն սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարել է երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին։
Աշխարհում երեխաների պաշտպանությունը նախատեսող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում` 1959թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը, 1989թ. ընդունված Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ., իսկ 1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: