Ուկրաինայում հաղթող է ճանաչվել Համազգային թատրոնի «Լյու-բոֆ» ներկայացումը
«Մելպոմենա Տավրիի» միջազգային թատերական 19-րդ փառատոնի շրջանակներում Ուկրաինայի Խերսոն քաղաքում ներկայացված Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Լյու-բոֆ» ներկայացումը հաղթող ճանաչվեց Կամերային բեմի լավագույն ներկայացում և Լավագույն տղամարդ դերակատար (Արման Նավասարդյան) անվանակարգերում։
Թատրոնից մանրամասնում են, որ մայիսի 19-27-ը Ուկրաինայի Խերսոն քաղաքում անց կացվել է «Մելպոմենա Տավրիի» միջազգային թատերական 19-րդ փառատոնը։ Ինն օրվա ընթացքում կայացել է 36 ներկայացում։ Մասնակից երկրների շարքում էին Պորտուգալիան, Լեհաստանը, Լիտվան, Ռումինիան, Հունգարիան, Ֆրանսիան, Հայաստանը, Բելոռուսը, Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան։
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «ԼՅՈՒ-ԲՈՖ» ներկայացումն ընդգրկված էր փառատոնի մրցութային ծրագրում։ Ներկայացումն արժանացել է ջերմ ընդունելության, ոտնկայս ծափողջույնների և բարձր գնահատանքի։
«Դերասանները հոյակապ էին։ Հանճարեղ բեմադրություն է։ Անկեղծ ասած, խոսքեր չունեմ։ Դերասանական խաղ, բեմադրություն, ռեժիսուրա, ներկայացման ձև, գաղափար, բառախաղ, ծիծաղ, հումոր…, և այս ամենը մեկ ամբողջության մեջ»։ «Տաղանդավոր ռեժիսուրա, դերասանների ցնցող խաղ ցանկացած դրվագում, ձայնի ցանկացած կիսատոնում բազմաթիվ երանգներ։ «Անկրկնելի ուրախ և դրամատիկ ներկայացում, հիանալի դերասաններ, իրական թատերական արվեստ»։ Գնահատականնները հնչել են մասնակիցների ու ժյուրիի անդամների կողմից:
Երեկ ամփոփվել եմ փառատոնի արդյունքները։ Փառատոնի ժյուրիի որոշմամբ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Լյու-բոֆ» ներկայացումը հաղթող է ճանաչվել որպես Կամերային բեմի լավագույն ներկայացում, իսկ դերասան Արման Նավասարդյանը դարձել է Լավագույն տղամարդ դերակատար անվանակարգի հաղթող։
Փառատոնի մասնակցությունն իրականացել է Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության հովանավորությամբ։