Ծնողը պետք է շահագործողից պահանջի կարուսելի փորձաքննության լիցենզիան
ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննություն անցած ատրակցիոն շահագործողը պարտավոր է տեսանելի վայրում փակցնել փորձաքննության լիցենզիան: Նորամուծության մասին Panorama.am-ին հայտնեցին նախարարությունից:
«Ծնողը կտեսնի, որ տվյալ կարուսելը փորձաքննություն անցած է: Ըստ այդմ, կորոշի երեխային նստացնե՞լ, թե՞ ոչ: Եթե լիցենզիան փակցված չէ, ծնողն էլ կարող է պահանջել այն»,-ասացին ԱԻՆ-ից:
Այս տարվա մայիսի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 142 կարուսել, որից շահագործվում է 129-ը:
«Կարուսելներից կեսից ավելին արդեն անցել են օրենքով պահանջվող տեխնիկական անվտանգության փորձաքննություն: Բոլորը ստացել են դրական եզրակացություն»,-նման տվյալներ ներկայացրեցին ԱԻՆ-ից:
Հիշեցնենք, որ օրենքը պահանջում է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի համաձայն շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող կարուսելնեը պետք է փորձաքննության ենթարկվեն տարեկան առնվազն մեկ անգամ:
2015-2016 թվականներին կարուսելների հետ կապված որևէ արատակարգ դեպք չի գրանցել:
Panorama.am-ի գրավոր հարցման ի պատասխան ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գ. Հայրպատետյանի պատասխանում նշվում է, որ ԱԻ նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից բացասական եզրակացության են արժանացել Գյումրիի քաղաքային զբոսայգում «Ալեքպոլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Պտտվող անիվ» և «Ամերիկյան բլուր» ատրակցիոները: 2015-ին «Ամերիկյան բլուր» շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագիր է տրվել, այն մինչ օրս չի գործում: Շահագործման տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային ու տեխնիկական անվտանգության տեսչությունը: