Վարչապետը հանձնարարեց կատարել զուգարանների վերաբերյալ նորմատիվները
Մեկ շաբաթում կազմել ու կառավարության աշխատակազմին ներկայացնել ամռան ամիսներին հանգստի և տոնական օրերին հանրապետության այգիներում, պուրակներում ՀՀ քաղաքացիների ու զբոսաշրջիկների համար ժամանցի կազմակերպման միջոցառումների ցանկ:
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը նման հանձնարարական տվեց մշակույթի, տարածքային կառավարման ու սպորտի, երիտասարդության հարցերի նախարարներին, մարզպետներին, զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահին, ինչպես նաև Երևանի քաղաքապետին:
«Դրանք պետք է ընդգրկեն բացօթյա կինոթատրոներ, համերգներ, ներկայացումներ, սպորտային միջոցառումներ ու ամառային ճամբարներ»,- մանրամասնեց վարչապետը:
Նա հանձնարարեց միաժամանակ ապահովել այդ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվության հասանելիություն հասարակության համար:
«Մաքուր Հայաստան» ծրագրի վերաբերյալ վարչապետն ասաց, որ 750 տնտեսվարող սուբյեկտ չունի աղբահանության վերաբերյալ պայմանագիր: Չի բացառվում, որ նոր ուսումնասիրությունների դեպքում այդ թիվն ավելանա:
Վարչապետն ասաց, որ համապետական շաբաթօրյակները լինելու են շարունակական, հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում մայիսի 27-ի շաբաթօրյակի արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել կառավարության աշխատակազմ:
Հանձնարարեց տարածքային կառավարման նախարարին ու մարզպետներին մեկ ամսվա ընթացքում ձեռնարկել համապատասխան քայլեր պայմանագրերի առկայությունն ապահովելու համար, հարկ եղած դեպքում ենթարկել վարչական պատասխանատվության:
Վարչապետը նաև հանձնարարեց գույքագրել Երևանից դուրս գտնվող զբոսաշրջային վայրերում ու դրանց հարակից տարածքներում աղբամաներն ու զուգարանները՝ հաշվի առնելով առևտրի, սննդի օբյեկտները, գազալցակայանների հնարավորությունները:
«Ձեռնարկել քայլեր դրանց հասանելիությունը Հայաստանի քաղաքացիների ու զբոսաշրջիկների համար ապահովելու նպատակով: Ըստ նորմատիվի, տնտեսվարող սուբյեկտները պետք է ունենան զուգարաններ ու աղբամաներ: Այն նորմատիվը, որ դրել ենք, պետք է դարձնել օգտագործելի, ընդամենը»,-ասաց կառավարության ղեկավարը: