«Դպրոցը մեզ համար կյանք դարձավ».հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող
«Ամենամեծ խնդիրն ու արգելքը շարունակում են մնալ գոյություն ունեցող սխալ պատկերացումներն ու վերաբերմունքը Հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ»,- այսօր «Հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությունը և ներառական կրթությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը։
«Մարդիկ դեռևս խղճահարության կամ կարեկցանքի զգացողություններ ունենում մի մարդու նկատմամբ, ով տարբերվում է իրենցից, նրան շարունակում են ընկալել որպես անկարող հիվանդ։ Վերաբերմունքը մարդուն հաշմանդամեցնող ամենամեծ գործոններից մեկն է։ Երբ իրապես այս վերաբերմունքը փոխված կլինի, այն ժամանակ մենք կարող ենք շատ քիչ խնդիրներ ունենալ՝ պետական կառավաման մակարդակից մինչև սովորական քաղաքացի»,- ասաց նա։
Քննարկմանը ներկա ՀՀ Կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանի խոսքով՝ և մանկավարժների, և հասարակության կողմից դեռևս վերաբերմունքի խնդիր կա, որի պատճառով էլ հաճախ ծնողները չեն բերում երեխաներին դպրոց. «Սակայն ծնողները պետք է հասկանան, որ իրենց երեխաները չպիտի սպասեն, թե երբ պիտի հասարակությունը պատրաստ լինի, տրամադրվի։ Հաշմանդամություն ունեցող երեխաները պետք է գնան հանրակրթական դպրոց, որ պահին ծնողը հաղթահարեց իր մտավախությունները, երեխան կշահի։ Երբ երեխաները միասին գնում են առաջին դասարան, միասին սովորում են, բոլոր խնդիրներն ավելի շուտ են հաղթահարվում, շփումն էլ շատ ավելի հեշտ է լինում»։
Նա հիշեցրեց, որ կառավարության որոշմամբ, մինչև 2020 թվականը պետք է ամբողջովին անցած լինեն ներառական կրթության։
Երևանի ավագանու «ԵԼՔ» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանն էլ ներառական քաղաքականությունը կրթության մեջ ՀՀ ամենամեծ ձեռքբերումներից մեկը համարեց։ Սակայն նրա խոսքով, ինչպես կառավարության ցանկացած որոշում, սա էլ շատ դանդաղ է առաջ գնում. «Հայաստանը գնաց ներառական կրթության քաղաքականությանը, քանի որ դա այն ճանապարհն է, որով պետք է գնալ։ Այսօր՝ 1999 թվականից ի վեր, անհամեմատելի արդյունք ունենք հենց թեկուզ վերաբերմունքի առումով»։
Բախշյանը շեշտեց, որ պետք է բոլոր համալսարանների վրա պահանջ դնել և ունենալ հատուկ մասնագետների պատրաստում։
Քննարկմանը ներկա էր նաև հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող Արմինե Սահակյանը, ով հետագայում դարձել է «Մենք կարող ենք» ՀԿ-ի ղեկավար։
«Դպրոցը մեզ համար կյանք դարձավ, քանի որ այն իր կառուցվածքով փոխեց մեր ընտանիքի կյանքը»,-ասաց Արմինե Սահակյանն՝ ում որդին արդեն ավարտել է հանրակրթական դպրոցը։
Դպրոցում երեխայի առաջին քայլերի, դժվարությունների ու հաջողությունների մասին՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները