Ազնավուր. Ես շատ հպարտ եմ, որ որդիս՝ Նիկոլան, որոշեց մկրտվել Հայաստանում
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնության շրջանակում Հայաստանում գտնվող աշխարհահռչակ շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրն այցելել է Տաթևի վանական համալիր։ Մաեստրոյին ուղեկցում էին որդին՝ Նիկոլա Ազնավուրը, երգչի ընկերներն ու գործընկերները։
IDeA հիմնադրամի տեղեկացմամբ, Շառլ Ազնավուրի առաջին կանգառը «ՏաԹևեր» ճոպանուղու Հալիձոր կայանում էր, որտեղ մեծանուն երգչին դիմավորել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն Էդգար Մանուկյանը, ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը, հիմնադրամի աշխատակիցները։
Էդգար Մանուկյանը Շառլ Ազնավուրին և հյուրերին ներկայացրել է «ՏաԹևեր» ճոպանուղու կառուցման պատմությունը, «Տաթևի վերածնունդ» հիմնադրամի իրականացրած ծրագրերը, որոնք արդեն էականորեն փոխել են կյանքը Տաթեւի տարածաշրջանում։
«Տաթևատուն» ռեստորանի հարևանությամբ գտնվող դիտակետից մաեստրոն որդու հետ հիացել է Սյունիքի բնությամբ։ Ուղևորության ողջ ընթացքում երգիչը ոչ մի րոպե չի բաժանվել իր ֆոտոխցիկից՝ փորձելով անընդհատ գեղեցիկ կադրեր որսալ։
«Տաթևատան» տարածքում կարճատև դադարից հետո Ազնավուրը որդու և ընկերների հետ ճոպանուղով ուղևորվել է Տաթևի վանական համալիր, որտեղ հյուրերին սպասում էին Տաթևի վանքի վանահայր Տեր Միքայել վարդապետ Գևորգյանը, տեղի բնակիչները, մի խումբ զբոսաշրջիկներ։
Վանքի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում կատարվել է Նիկոլա Ազնավուրի մկրտության արարողությունը՝ ձեռամբ վանահայր Տեր Միքայել վարդապետ Գեւորգյանի։ Արարողությունն ուղեկցվում էր Տաթևի վանական երգչախմբի կատարումներով։
«Ես շատ հպարտ եմ, որ որդիս՝ Նիկոլան, որոշեց մկրտվել Հայաստանում։ Ծնողներս այնքան երջանիկ կլինեին՝ իմանալով, որ երկու որդիներս՝ Միշան և Նիկոլան, մկրտվել են այստեղ՝ Հայաստանում՝ հավատարիմ մնալով իրենց արմատներին», - ասաց Շառլ Ազնավուրը։
«Ես ծնվել եմ Ֆրանսիայում, սովորել Շվեյցարիայում ու Կանադայում, բայց որքան մեծանում եմ, այնքան ուժեղ եմ կապվում հայկական արմատներիս։ Զրուցելով հորս, հորաքրոջս հետ, լսելով նրանց պատմությունները, ես վերադարձա ընտանիքիս արմատներին։ Սկսել եմ հայերեն սովորել։
Այս ամենից հետո զգացի, որ ցանկանում եմ մկրտվել հենց Հայաստանում»,- ասաց Նիկոլա Ազնավուրը։ Նա խոստովանել է, որ Տաթևի վանքում մկրտվելն իր կյանքի անմոռանալի պահերից մեկն է։
Հարակից հրապարակումներ`
- Երևանում Շառլ Ազնավուրի ինտերակտիվ թանգարանն աշխարհում լինելու է առաջինը, որտեղ հերոսն իր կյանքի մասին պատմում է անձամբ
- Երևանում Շառլ Ազնավուրը հայտարարեց «Ազնավուր» հիմնադրամի ստեղծման մասին
- Շառլ Ազնավուրը Հայաստանում է