ԵՄ բանագնացները հետաքրքրվել են «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի մասին
ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը հունիսի 1-ին ընդունել է ԵՄ անդամ պետություններ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Սլովակիայի, Շվեդիայի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ Եվրոպական միությունը նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Արփինե Հովհաննիսյանը կարևորել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը և Արևելյան գործընկերության շրջանակում մեր երկրում իրականացվող ծրագրերը: ՀՀ ԱԺ փոխնախագահը զրույցի ընթացքում անդրադարձել է հակակոռուպցիոն բնագավառում իրականացվող բարեփոխումներին:
Նա նշել է, որ առաջիկայում խորհրդարանում կքննարկվեն կոռուպցիայի կանխարգելման մարմնի ստեղծմանը և ազդարարների պաշտպանությանը վերաբերող օրինագծերը՝ շեշտելով դրանց կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին՝ զրուցակիցները կարևորել են ՀՀ ընտրական համակարգում իրականացված բարեփոխումները:
Հանդիպման ընթացքում Արփինե Հովհաննիսյանը հանգամանալից ներկայացրել է Դատական օրենսգրքի մշակման գործընթացը, դատավորների անկախության ապահովմանն ուղղված երաշխիքները: Բանագնացների խնդրանքով անդրադարձ է կատարվել նաև «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծին:
Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է նոյեմբերին ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:
ԵՄ հատուկ բանագնացները բարձր են գնահատել Հայաստանում վերջին տասնութ ամիսներին արձանագրված առաջընթացը՝ համարելով այն լավ հենք ժողովրդավարության ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության զարգացման համար:
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպացի բանագնացները բարձր են գնահատել Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Արևելյան գործընկերությունում
- Օրենքի առկայությունն ընտանեկան բռնության դեպքում շատ կարևոր է. Իրավապաշտպաններ
- Ընտանեկան բռնության մասին օրինագծի ոդիսականը
- Հոկտեմբերի 1-ը մի քանի ՀԿ-ներ հռչակել են Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր
- Հավանաբար է 2016-ին կընդունվի ընտանեկան բռնության մասին օրենքը. Փոխնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում