
Իրանական թռչնաբուծական ընկերությունը Հայաստանում գործունեություն է ուզում սկսել
Իրանական թռչնաբուծական «Մորղփարվար» ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում իրականացնել երկարաժամկետ գործունեություն տոհմային ճտերի արտադրության կազմակերպման ուղղությամբ, -այս մասին այսօր գյուղատնտեսության նախարարությունում նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի հետ հանդիպմանը նշել է ընկերության հիմնադիր տնօրեն Հոսեյնղոլի Լոթֆին:
«ՀՀ կառավարությունը խնդիր է դրել փոխարինել ներմուծումը տեղական արտադրանքով, ուստի մենք ողջունում ենք Ձեր նախաձեռնությունը և հայտնում մեր պատրաստակամությունը հնարավորինս աջակցել Ձեզ Հայաստանում արտադրության կազմակերպման ուղղությամբ», - ԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ նշել է փոխնախարարը:
Այնուհետև Աշոտ Հարությունյանը Հոսեյնղոլի Լոթֆիի խնդրանքով համառոտ ներկայացրել է Հայաստանում թռչնաբուծության ոլորտի ներկա վիճակը, առաջնային հարցերը, ինչպես նաև այս ոլորտում գործող օրենսդրական դաշտը:
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հանգամանքը` նախարարի տեղակալը հնարավոր է համարել նաև հետագայում պատրաստի արտադրանքը արտահանել դեպի ԵՏՄ շուկա: Միաժամանակ փոխնախարարն ընդգծել է բարձրորակ արտադրանքի ապահովման կարևորությունը: