Հակահարված՝ Ադրբեջանի հայատյաց քարոզչությանը. գործարկվել է caviar-diplomacy.net կայքը
Այսօր կայացավ ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի մի շարք նախագծերի շնորհանդես` նվիրված Ադրբեջանում հայատյացության քաղաքականության լուսաբանմանը:
Միջոցառման շրջանակում ներկայացվեց «Azerbaijan: childhood in hate» անգլալեզու ամսագիրը, որում զետեղված են Azerichild.info նախագծի նյութերը: Դրանք արտացոլում են ադրբեջանցի երիտասարդ սերնդի հայատյացություն սերմանող դաստիարակության քաղաքականությունը: Ամսագրում ներառված են հեքիաթների, մանկական բանաստեղծությունների, խաղերի և մանկական արվեստի այլ դրսևորումների նմուշներ, որոնցում չար և բացասական հերոսների դերում հանդես են գալիս հայերը:
Նախագիծը ներկայացնող քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Անժելա Էլիբեգովան ընդգծեց, որ Ադրբեջանում մանակահասակ երեխաներին դաստիարակում են հայատյացության հիմունքներով, լրջորեն խրախուսում հայատյացության թեմայով ստեղծագործող երեխաներին:
Բանախոսը տեղեկացրեց, որ մեկ այլ նախագծի շրջանակներում առաջիկայում փորձ է կատարվելու մեկտեղել նաև ադրբեջանական հանրակրթական ուսումնական ձեռնարկներում առկա հայատյացության օրինակները: Դրանք, մասնավորապես, հայերի և ադրբեջանցիների գենետիկ անհամատեղելիության, հայերի՝ «բուն ադրբեջանական» տարածքներում ապրելու, ադրբեջանցիներին պատմական տարբեր շրջաններում իբրև դավաճանելու մասին են:
Ասուլիսին ներկա սոցիոլոգ, «Քսենոֆոբիայի կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ ղեկավար Արմինե Ադիբեկյանն իր հերթին կատարեց համանուն երկլեզու caviar-diplomacy.net կայքի շնորհանդեսը, որը նվիրված է Ադրբեջանի վարած «Ձկնկիթային դիվանագիտության» քաղաքականությանը:
Կայքում, նրա տեղեկացմամբ, հավաքված են օտարերկրյա պաշտոնյաների դոսյեներ, որոնք ինչ-որ կերպ առնչվում են Ադրբեջանի խավիարային դիվանագետությանը՝ ԵԽԽՎ իտալացի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտե, ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտ և այլն: Կայքում ներկայացված են ադրբեջանական լոբբիին նպաստող զեկույցներ և մամուլի հրապարակումներ: Առկա են նաև նույն ադրբեջանական լոբբիի ձախողման օրինակներ, ինչպես օրինակ Մեքսիկայում Հեյդար Ալիևի արձանի ապամոնտաժման փաստը և այլն:
Բանախոսը հատկանշական համարեց, որ Ադրբեջանն իր խավիարային դիվանագիտությունն իրականացնում է հիմնականում տարբեր երկրների օրենսդիր մարմինների ներկայացուցիչների օգնությամբ, ավելի քիչ՝ գործադիր մարմին անդամների:
Անժելա Էլիբեգովան տեղեկացրեց, որ այսօրվանից գործարկվել է նաև Ադրբեջանի և Ղազախստանի քաղաքական կյանքում առանցքային դերակատարություն ունեցած Լևոն Միրզոյանի մասին պատմող կայքը, որտեղ ներկայացված են հենց խորհրդային շրջանի ադրբեջանական մամուլի՝ վերջինիս մասին գովեստի խոսքեր շռայլող հոդվածներ:
«Ակնկալում ենք, որ Ադրբեջանի կողից բավականին նյարդային արձագանք է լինելու, երբ նրանք մեր ստեղծած կայքում հայտնաբերեն իրենց արխիվային նյութերը»,- ասաց բանախոսը:
Բանախոսները նշեցին, որ պատրաստվում են կապվել ՌԴ պետական արխիվի հետ՝ Լևոն Միրզոյանի մասին լրացուցիչ փաստաթղթեր ձեռք բերելու և կայքում ներկայացնելու նպատակով:
Վերջում Անժելա Էլիբեգովան տեղեկացրեց, որ արդեն իսկ առկա է Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ ուսումնամեթոդական ձեռնարկ՝ նախատեսված հայաստանյան բուհերում դասավանդման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան