«Երեխաների պաշտպանության համար պատասխանատու է պետական յուրաքանչյուր մարմին, հասարակության յուրաքանչյուր անդամ»
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ուղերձում ասված է.
«Սիրելի մանուկներ,
Հարգելի ծնողներ,
Շնորհավորում եմ Ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Ցանկանում եմ, որպեսզի բոլոր մանուկները մեծանան ընտանիքներում, ստանան ծնողների ջերմությունն ու սերը՝ դառնալով ապագայի լուսավոր կերտողներ:
Դեռևս տասնամյակներ առաջ ստեղծված այս տոնը յուրաքանչյուր տարին մեկ անգամ հնարավորություն է տալիս բոլորիս ուշադրությունը կենտրոնացնել երեխաների պաշտպանության արդի հիմնախնդիրների վրա, մշակել նոր գաղափարներ, որոնք կդառնան նոր բարեփոխումների և ծրագրերի հիմքը:
Երեխաների պաշտպանության համար պատասխանատու է պետական յուրաքանչյուր մարմին, հասարակության յուրաքանչյուր անդամ, այդ պատճառով նրանց առնչվող մեր բոլոր որոշումները պետք է լինեն երեխայակենտրոն և ուղղված լինեն նրանց համար արժանապատիվ կյանք և ապագա ապահովելուն:
Երեխաները ամենօրյա հոգատարության և ջերմության կարիք ունեն, ու թեև պետությունն այսօր հնարավորինս լավ պայմաններում ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքը, միևնույն է ընտանեկան միջավայրում ստացած ջերմությունն ու սերը անփոխարինելի է:
Եվ պատահական չէ, որ երեխաների պաշտպանության ոլորտում այսօր իրականացվող բարեփոխումները միտված են յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ, բոլոր երեխաներին մաղթում եմ առողջություն, անհոգ մանկություն և վառ տպավորություններով լի օր»: