Գևորգ Կոստանյանը նշանակվեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ
ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը կառավարության այսօրվա նիստում նշանակվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ:
Կառավարության որոշման համաձայն, ներկայացուցիչն իր լիազորությունների իրականացման համար չի վարձատրվում: Ներկայացուցչի գործունեության հետ կապված այլ ծախսերը ֆինանսավորվում են ՀՀ կառավարության կողմից:
«Ներկայացուցիչը Դատարանում ներկայացնում և պաշտպանում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, ներառյալ՝ իրականացնում է Դատարանի կանոնակարգով կողմին վերապահված բոլոր լիազորությունները, ինչպես նաև վերահսկում է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված պարտավորեցնող վճիռների և որոշումների կատարման ընթացքը:
Իր լիազորությունները պատշաճ և արդյունավետ իրականացնելու նպատակով Ներկայացուցիչն իրավասու է առաջարկել, ձեռնարկելու դրանց կատարումից բխող անհրաժեշտ միջոցառումներ, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական կազմակերպություններից պահանջել և ստանալ փաստաթղթեր, տեղեկություններ և այլ անհրաժեշտ օժանդակություն: Նշված մարմինները պարտավոր են Ներկայացուցչի նշած ժամկետներում վերջինիս տրամադրել պահանջվող փաստաթղթերը, տեղեկությունները և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակությունը:
Դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության անընդհատությունն ապահովելու համար Ներկայացուցչին կարող է փոխարինել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համապատասխան տեղակալը, որին որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` Ներկայացուցչի առաջարկությամբ»,-ասված է կառավարության որոշման մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Գևորգ Կոստանյանն ազատվել էր մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից։