Երևանում Շառլ Ազնավուրի ինտերակտիվ թանգարանն աշխարհում լինելու է առաջինը, որտեղ հերոսն իր կյանքի մասին պատմում է անձամբ
Երևանում բացվելու է Շառլ Ազնավուրի ինտերակտիվ թանգարանը, որը լինելու է աշխարհի առաջին թանգարանը, որտեղ հերոսն իր կյանքի մասին պատմելու է անձամբ:
«Շառլ Ազնավուրի կողմից իր մասին պատմող տեքստը ձայնագրվել է, որն աուդիոգիտով ներկայացվելու է: Հայտնվելով թանգարանում՝ դուք կարող եք հենց իրենից լսել իր անցած ուղու պատմությունը»,- «Ազնավուր» հիմնադրամին Ազնավուրի տուն-թանգարանի բանալու հանձնման արարողությանը լրագրողների հետ զրույցում ասաց «Ազնավուր» հիմնադրամի գլխավոր տնօրեն Քրիստինա Սարկիսյանը:
Նա տեղեկացրեց, որ Շառլ Ազնավուրն ու նրա ընտանիքը որոշել են երևանյան թանգարանին նվիրաբերել իրենց բոլոր պարգևները, անձնական իրերը, առաջին դաշնամուրը, ոսկյա ձայնասկավառակները և այն ամենը, ինչ կազմում է Մաեստրոյի համաշխարհային մշակութային ժառանգությունը:
«Նախագիծն արվում է Ազնավուրի անմիջական համաձայնությամբ: Ինչ անում ենք, խոսում ենք նրա հետ»,- նշեց Ք. Սարկիսյանը:
Թանգարանում, նրա խոսքով, ներկայացված են լինելու Ազնավուրի կյանքի բազմաթիվ ասպեկտներ, որոնց մասին հանրությունը տեղյակ չէ. «Երաժշության ոլորտում գործելուց բացի, նաև դերասանական կարիերա է ծավալել` աշխատելով աշխարահռչակ ռեժիսորների հետ: Նկարահանվել է տասնյակ ֆիլմերում: Կյանքի այդ հատվածը նույնպես ներկայացվելու է»:
Թանգարանում ներկայացված է լինելու Ազնավուրի ընտանիքի անցած ուղին, թե ինչպես են Կոստանդնուպոլսից նավով փախել, հասել նախ Սալոնիկ, ապա Մարսել, այնուհետև Փարիզ, արտապատկերված ներկայացվելու է նրա ընտանիքի առաջին բնակարանը Փարիզում:
«Առաջին սենյակը լինելու է անմիացիա՝ արված ավազից, իսկ ավազը խորհրդանշական նշանակություն ունի, որովհետև շատ ընտանիքներ Կոստանդնուպոլսից փախնելիս մահացել են Դեր Զորի անապատում»,- նշեց Ք. Սարկիսյանը:
Թանգարանի այցելուներին հնարավորություն կտրվի լինել հետնաբեմում, տեսնել այն իրերը, որոնք օգտագործում է շանսոնյեն մինչ բեմ բարձրանալը և վերջում տեսնել նրա համերգը 3D ձևաչափով, թանգարանում լինելու է ամբողջական ձայնագրման ստուդիա, որտեղ այցելուները կարող են փորձել միքսել Ազնավուրի երգերը: Թանգարանում անցկացվելու են նաև կրթական, սոցիալական ծրագրեր:
«Այս թանգարանը նպատակ ունի նախ և առաջ ցույց տալ Շառլ Ազնավուրի կյանքը, կերպար, ով կարևոր նշանակություն ունի աշխարհի բոլոր հայերի համար, ներկայացվելու է իր պատմությունը՝ ինչ պայմաննեում է ապրել, ինչպես է սկսել իր գործունեությունը, ինչի է կարողացել հասնել: Նա այդ ամենին հասել է իր աշխատասիրության շնորհիվ: Մինչ այսօր Շառլ Ազնավուրը շարունակում է ջանասիրաբար աշխատել»,- ասաց Ք. Սարկիսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ որոշում կայացվեց թանգարանը կառուցել Հայաստանում, հիմնադրամի տնօրենն ասաց. «Շառլ Ազնավուրն ամբողջ կյանքի ընթացքում ապացուցեց հավատարմությունն իր արմատներին, իր ազգին: 1988 թվականից իր կողմից իրականացվող բարեգործական, սոցիալական ծրագրերը ցույց են տալիս, որ նա մշտապես հիշում է իր արմատների մասին»:
Թանգարանի բացումը նախատեում են 2018 թվականին:
«Հստակ օր նշելը դժվար է, որովհետև այն բոլոր սարքավորումները, որ պետք է օգտագործենք թանգարանում, բերվելու են Ճապոնիայից, Գերմանիայից և այլ երկրներից: Մեծ աշխատանք կա անելու»,- ասաց Ք. Սարկիսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան