Հունիսի 1-ը Երևանում՝ Տավուշի սահմանապահ երեխաների հետ
Երևանի Սիրահարների այգում այսօր տեղի կունենա «Ես էլ եմ ուզում խաղալ ապահով. տանք հույս մանուկներին» խորագրով ուրախ միջոցառում` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:
«Հունիսի 1-ը Երևանում՝ Տավուշի սահմանապահ երեխաների հետ» միջոցառման ֆեյսբուքյան էջում նշված է. «Ամեն ինչ՝ հանուն երեխաների ուրախության` խաղեր, կրկեսային համարներ, սիրված Բարդերի ակումբի հեղինակային երգի համերգ, բացօթյա լաբորատորիա, վարպետաց դասեր հայտնի նկարիչների մասնակցությամբ, հրաշալի անակնկալներ...»:
Միջոցառման ողջ ընթացքում սահմանապահ Վազաշեն գյուղի «Հավեսին սենյակի», Իջևանի «Արևիկ» կենտրոնի և Երևանի «Արեգնազան» կրթահամալիրի մոտ 40 սաներ միասին` մասնակիցների աչքի առաջ, կստեղծեն իրենց «Խաղաղության պաննոն»:
Միջոցառման ընթացքում կներկայացվի Տավուշում ապրող երեխաների համար անվտանգ ու ստեղծագործ միջավայր ապահովող երկու նախագիծ՝ Տավուշի մարզի սահմանային գյուղերում թաքստոցների կառուցման ծրագիրը, սահմանամերձ Վազաշեն գյուղի «Հավեսին սենյակի» զարգացման նախաձեռնությունը:
Համերգի ընթացքում ելույթ են ունենալու Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյանը, Արմինե Հայրապետյանը, Էդուարդ Զորիկյանը, Վախթանգ Հարությունյանը, Սարգիս Շիբոյանը, Արմեն Ադամյանը, Կարեն Մամիկոնյանը, Քրիստ Մանարյանը, Վահե Քոչարը, Ռուբեն Դալլաքյանը, Ռուբեն Քամալյանը։
Տավուշի թեմի մանկական երգչախումբը ևս կներկայացնի իր փոքրիկ ծրագիրը:
«Սա սոցիալական պատասխանատվության ոլորտ է: Ցանկացած դեպքում, ես կարծում եմ, որ մենք հաճախ ենք իշխանավորին ասում, որ ինքը պարտավոր է: Բայց չէ որ այդ երևույթը պետք է գործի վերևից ներքև, հասարակությունը պետք է իր պատասխանատվության գիտակցությունն ունենա, ամեն մեկն իր հնարավորությունների չափով մասնակցություն ունենա մեր երկրի ցանկացած ոլորտի կայացմանը: Այդ առումով «Բարդերի» ակումբն այդ ոլորտում ակտիվ է, աչալուրջ, մենք էլ այդ ամեն ինչի մասն ենք կազմում: Տավուշի մարզում շատ ենք բարեգործական համերգներով հանդես եկել, սա էլ հերթական համերգներից մեկն է»,-Panorama.am-ին ասաց մասնակիցներից «Բարդերի» ակումբի անդամ Վախթանգ Հարությունյանը:
Միջոցառման կազմակերպիչներն են՝ «Պահապան» զարգացման հիմնադրամը, Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմը, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը, «Պողոսյան պարտեզները»։ Միջոցառման համերգային ծրագրի կազմակերպչական աշխատանքներին մասնակցում է «Բարդերի» ակումբը:
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 1-ը՝ «Զվարթնոցում»
- Ուր տանել երեխաներին հունիսի 1-ին
- Սահմանամերձ Վազաշենում բացվել է Սևան Նաղաշի «Հավեսին սենյակը»