Վերելակի հորն ընկած վանաձորցի երեխային վաղը կվիրահատեն
Մայիսի 30-ին Վանաձորի Աղայան փողոցի շենքերից մեկի վերելակի հորանն ընկած երեխայի վիճակը կայուն է, նա գիտակից վիճակում է։ Panorama.am-ի թղթակցին այս մասին տեղեկացրեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը։
Նրա տեղեկացմամբ, 14-ամյա Լուսինե Զաքարյանը վաղը կենթարկվի ստորին վերջույթների վիրահատության։ Կվիրահատեն երեխայի ազդրոսկրերը։
«Ներքին օրգան համակարգերի կողմից բավական դրական դինամիկա կա։ Ինչ վերաբերում է վերին վերջույթներին, ապա աջ ձեռքը լավ վիճակում է, ձախը պետք է ռենտգեն անենք, այտուց է գոյացել։ Վնասվածքներ առկա են նաև գլխի շրջանում։ Խոսքը գանգաթաղանթի ոսկրի գծային կոտրվածքի և գլխուղեղի թեթև աստիճանի սալջարդի մասին է»,- ասաց Աննա Չոբանյանը։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչը նշեց, որ երեխայի դուրս գրման ժամկետների մասին հնարավոր կլինի խոսել միայն հետվիրահատական շրջանի բարեհաջող ընթացքից հետո։
Հիշեցնենք՝ մայիսի 30-ին՝ ժամը 18:37-ին, ԱԻՆ-ում տեղեկություն էր ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանը երեխա է ընկել։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 2003 թվականին ծնված Լուսինե Զաքարյանը դուրս է բերվել հորանից, իսկ մյուս տուժածը՝ 2003 թվաանին ծնված Վիկա Արզումանյանը՝ վերելակի խցիկից:
Տուժածները հոսպիտալացվել էին Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Լուսինե Զաքարյանի առողջական վիճակը գնահատել էին ծանր, իսկ Վիկա Արզումանյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս էր գրվել: