Կապսի ջրամբարի շինարարությունը կարևորագույն նշանակություն ունի Հայաստանի համար. Արսեն Հարությունյան
«KfW բանկը մեծապես գնահատում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համագործակցությունը՝ երկու կողմերի համար կարևորագույն նշանակություն ունեցող նախագծերի շրջանակներում: Ուզում եմ հատուկ նշել, որ Կոմիտեի հետ մեր համագործակցությունը մշտապես եղել է բաց երկխոսության ձևաչափում: Հենց այդ պատճառով էլ այն այսքան արդյունավետ է»,- Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ, այս մասին ՋՏՊԿ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է KfW գերմանական բանկի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկան:
Ըստ բանկի ներկայացուցչի՝ ՋՏՊԿ հետ համագործակցությունը շատ լավ օրինակ է՝ ծրագրերի իրականացման ընթացքում առաջացող խնդիրները քննարկելու, կարևոր հարցերի շուրջ մոտեցումները հստակեցնելու և մարտահրավերներից չխուսափելու առումով: Օ. Զիմելկայի խոսքով, սա արդյունավետ աշխատանքի առաջին գրավականներից մեկն է:
ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը նորանշանակ պաշտոնյային ներկայացրել է Բանկի հետ իրականացվող ծրագրերի ընթացքը, հատկապես մանրամասնելով Կապսի ջրամբարի հետ կապված աշխատանքները: Ա. Հարությունյանը նշել է, որ ջրամբարաշինության ծրագիրը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի համար, և Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքների հաջող մեկնարկը հույս է ներշնչում, որ ծրագրում ներգրավված բոլոր կողմերը պատրաստ են կառուցողական աշխատանքի և համագործակցության:
«Կապսի ջրամբարի շինարարության համար տարվող նախապատրաստական աշխատանքները ծրագրում ենք ավարտին հասցնել մյուս տարեսկզբին: Ամեն ինչ անելու ենք՝ նախատեսված ժամկետներին հասցնելու համար, ինչի համար շատ կարևորում եմ խորհրդատուների և փորձագիտական խմբի հետ համատեղ աշխատանքը: Վերջին մեկ ամսում արձանագրված բարձր աշխատանքային տեմպը պահելու դեպքում՝ նախանշված ժամկետները կարելի է իրատեսական համարել»,- ասել է Ա. Հարությունյանը:
Գերմանական կողմի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցել Կոմիտեի ջանքերին, քանի որ պատկերացնում են նախագծի բարդությունն ու կարևորությունը:
«Մենք հասկանում ենք, որ նոր ջրամբարի կառուցումն ավելի հեշտ է, քան Խորհրդային Միության տարիներին կառուցված և կիսատ թողնված Կապսի ջրամբարի վերակառուցումը և արդի չափանիշներին համապատասխանեցումը: Նաև գիտակցում ենք նախաձեռնության կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար: Այդ իսկ պատճառով պատրաստ ենք հնարավորինս աջակցել այս բարդ ու հավակնոտ նախագծի իրականացման գործում ներդրված ջանքերին»,- ասել է Օ. Զիմելկան:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան